Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիային և Ուկրաինային վերաբերող ՄԻԵԴ վճիռներ

europea_court_of_human_rights_bigECHR 246 (2014)
04.09.2014

ՄԻԵԴ Պալատի վճիռներ, որոնք վերաբերում են Չեխիայի Հանրապետությանը, Ֆրանսիային և Ուկրաինային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ հետևյալ 4 որոշումները վերջնական չեն [1]:

Դրենկը ընդդեմ Չեխիայի Հանրապետության (գանգատ թիվ 1071/12)

Գործը վերաբերում է ծնողական իրավունքները սահմանափակելուն:

Դիմումատու Քրիստոֆ Դրենկը (ծն. 1966 թ.) Գերմանիայի քաղաքացի է, այժմ բնակվում է Պրահա քաղաքում (Չեխիայի Հանրապետություն): 

2004թ. սեպտեմբերին ծնվել է պրն. Դրենկի երեխան: Երեխայի ծնվելու պահին նրա ծնողներն այլևս միասին ապրելիս չեն եղել: 2005թ. դեկտեմբերին պրն. Դրենկիկինը Բռնոյի տարածաշրջանային դատարանում դատավարական գործընթաց է սկսել, որով ցանկացել է սահմանափակել երեխայի նկատմամբ հոր ծնողական իրավունքները: Վարույթի ընթացքում հորը թույլատրվել է հաղորդակցվել երեխայի հետ, որն իրականացվել է ինչպես սոցաշխատողի ներկայությամբ, այնպես էլ` առանց երրորդ անձի ներկայության: Հաշվի առնելով հանդիպումների ընթացքում պրն. Դրենկի անհամապատասխան պահվածքը՝ դատարանը երեխայի խնամքը հանձնել էր մորը: Դատարանի որոշմամբ պրն. Դրենկը պետք է վճարեր ալիմենտ և շաբաթական երկու ժամով տեսակցեր երեխային՝ հատուկ սոցաշխատողի ներկայությամբ` հատուկ հաստատությունում: Պրն. Դրենկը վիճարկել է այս դատական ակտը, ինչի արդյունքում նոր դատական ակտով ավելացվել է ալիմենտի չափը, և տեսակցություն է սահմանվել ամեն երկրորդ շաբաթ օրը՝ առանց երրորդ կողմի ներկայության: Պրն. Դրեյկը դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործն ըստ էության լուծող դատական ակտը: Նրա դիմումը մերժվել է` որպես ակնհայտորեն անհիմն: Այս ընթացքում պրն. Դրենկը մի քանի անգամ դիմել է ազգային դատարաններ, որպեսզի տեղեկացնի, որ տարածաշրջանային դատարանի կողմից կայացված որոշումը չի կենսագործվում, և ինքը երեխային հանդիպելու հնարավորություն չունի: Նրա խնդրանքը մերժվել է Պրահայի քաղաքային դատարանի կողմից, որը որպես որոշման հիմք է ընդունել նախկին ամուսինների կոնֆլիկտային հարաբերությունները և երեխայի՝ հորը չտեսնելու ցանկությունը:

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) վրա՝ պրն. Դրենկը պնդել է, որ ծնողական իրավունքների նման սահմանափակումը չի հանդիսացել արդարացի և անկողմնակալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ ներկայացված գործով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում չկա:

Մ.Վ.-ն և Մ.Տ.-ն  ընդդեմ Ֆրանսիայի (գանգատ թիվ 17897/09)

Գործը վերաբերում է Ֆրանսիայից ապաստան հայցող Ռուսաստանի երկու  քաղաքացու` իրենց երկիրբռնի արտաքսման սպառնալիքին:

Դիմումատուներ պրն. Մ.Վ.-ն և պրն. Մ.Տ.-ն, ծնված, համապատասխանաբար, 1983 թ. և 1989թ., Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, այժմ բնակվում են Ֆրանսիայում:

2007թ. վերջին դիմումատուները օթևանել են պրն. Մ.Վ.-ի ազգականի տանը, որը նախկինում չեչեն անջատողական էր եղել:Նրանք այնտեղ եղած ժամանակ բազմաթիվ առիթներով հալածվել են Ռամզան Կադիրովի (Չեչնիայի ներկայիս նախագահ) մտերիմների կողմից, ովքեր բազմիցս եկել են այդ տուն, հարցաքննել  են նրանց` պրն. Մ.Վ.-ի ազգականի վերաբերյալ, սպառնացել են և վատ վերաբերմունք դրսևորել:

Մտահոգվելով իրենց անվտանգության համար` դիմումատուները լքել են Ռուսաստանը, ինչից հետո ռուսական իշխանություննորը սկսել են որոնել պրն. Մ.Վ.-ին: Ֆրանսիա ժամանելուց հետո`2008թ. նոյեմբերի 5-ին,դիմումատուները ապաստանի հայցով դիմում են ներկայացրել: Սակայն, քանի որ նրանց ներկայացրած մատնահետքերի վստահություն չեն ներշնչել, Մեն-է-Լուար պրեֆեկտուրան 2009թ. հունվարի 29-ի որոշումով կեղծման հիմքով մերժել է նրանց դիմումները:  Դիմումները, համաձայն արագ քննության կարգի, ուղարկվել են Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց ֆրանսիական գրասենյակ (ՓՔՉԱՖԳ): 2009թ. փետրվարի 25-ին  ՓՔՉԱՖԳ-ն երկու դիմումներն էլ մերժել է: Վերոհիշյալ երկու մերժումները քննվել են ապաստանի իրավունքի Ազգային դատարանում` բավարար մանրամասնված չլինելու հիմքով: Դիմումատուները որոշումները վերանայելու երկու անհաջող փորձ են կատարել: Երկու անգամ արտաքսման կարգադրություն է է ընդունվել դիմումատուների դեմ, որոնք ևս վիճարկվել են անարդյունավետ:  2009թ. ապրիլի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է «ժամանակավոր միջոցներ» և նշել, որ գործը վարույթում գտնվելու ընթացքում դիմումատուները չեն կարող արտաքսվել:

Դիմումատուները պնդում են, որ իրենց արտաքսումը Ռուսաստան իրենց կենթարկի խոշտանգումների իրական սպառնալիքի, ինչը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (խոշտանգումների արգելում): Հիմնվելով 13-րդ հոդվածի վրա (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք)`  3-րդ հոդվածի համակցությամբ, նրանք պնդում են, որ չեն ունեցել իրավունքի արդյունավետ պաշտպանության միջոցներ, քանի որ իրենց դիմումը քննվել է արագացված կարգով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Իսկ 13-րդ հոդվածի խախտում (3-րդ հոդվածի համակցությամբ), ըստ դատարանի, տեղի չի ունեցել:

Ժամանակավոր միջոցներ (Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդված): Դիմումատուներին չարտաքսելու որոշումըուժի մեջ է, քանի դեռ որոշումն օրինական ուժ չի ստացել կամ Դատարանը այլ որոշում չի կայացրել:

Արդարացի փոխհատուցում: Դատարանն արձանագրեց, որ իրավախախտման փաստի արձանագրումը արդեն իսկ բավարար է դիմումատուների կրած ցանկացած բարոյական  վնասի փոխհատուցման համար: Դատարանի որոշմամբ հատուցվեց դիմումատուների կրած դատական ծախսերը, որի չափը երկուսի համար միասին կազմում էր  7.500 եվրո:

Ձեմյուկն ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 42488/02)

Գործը վերաբերում է բնակելի տան մոտակայքում գերեզմանատան կառուցման դեմ գանգատին:

Դիմումատու Սերգիյ Ձեմյուկը (ծն. 1961 թ.)Ուկրաինայի քաղաքացի է, բնակվում է Իվանո-Ֆրանկիվսկ մարզի Տատարիվ գյուղում:

2000թ. փետրվարին Տատարիվի գյուղական խորհուրդը որոշում է կայացրելնոր գերեզմանատուն կառուցել այն տարածքում, որը գտնվում է պրն. Ձեմյուկի տան և այգու հարևանությամբ: Գերեզմանատունը շահագործման է հանձնվել 2000թ. օգոստոսին: Պրն. Ձեմյուկը դատական վարույթ է սկսել գյուղական խորհրդի դեմ,  և վերջիվերջո, 2003 թ. դեկտեմբերին Ուկրաինայի գերագույն դատարանը բավարարել է նրա հայցը`արձանագրելով, որ տարածքը չի համապատասխանում որպես գերեզմանատուն շահագործելու համար: Մասնավորապես նշվել է, որ կառույցը խախտում է նաև առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության մի շարք կանոններ, քանի որ այն հարևանում է բնակելի տներին, և կա խմելու ջրի աղտոտման վտանգ: Դատարանը այնուհետև կարգադրել է Տատարիվի գյուղական խորհրդին փակել գերեզմանատունը և պրն.Ձեմյուկին վճարել փոխհատուցում: Գերագույն դատարանի որոշումըկայացվել է 2006թ. հոկտեմբերին, բայց մինչև այժմ չի կենսագործվել, քանի որ խորհրդի անդամները տարատեսակ առիթներով մերժում են որոշման կատարումը:

Հիմնվելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ պրն. Ձեմյուկը բողոքում է, որ գերեզմանատունը աղտոտում է իր խմելու և ոռոգման ջրերի պաշարները, ինչի հետևանքով իր տունը դառնում է բնակության, իսկ հողը` օգտագործման համար ոչ պիտանի: Նա նաև գանգատվում է հուղարկավորման արարողությունների պատճառած անհանգստության վերաբերյալ, ինչպես նաև առ այն, որ տեղական իշխանություններըչեն իրագործել դատարանի՝ գերեզմանատունը անօրինական ճանաչելու մասինվերջնական և պարտադիր ուժ ունեցող որոշումը, չեն դադարեցրել հուղարկավորությունները:

Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, և սահմանել 6.000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Ռուդյակն ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 40514/06)

Գործը վերաբերում է ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքին:

Դիմումատու Իգոր Ռուդյակը (ծն. 1974 թ.) Ուկրաինայի քաղաքացի է, բնակվում է Ուկրաինայում: Պրն. Ռուդյակը ապօրինի զենք կրելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 2008թ. նոյեմբերին դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

ՄԻԵԴ գործը մասնավորապես վերաբերում է նրա մեղադրանքին առ այն, որ նա ենթարկվել է դաժան վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, որը տեղի է ունեցել 2005թ՝ իր ձերբակալությունից հետո: Նա պնդում է, որ 3 օրվա ընթացքում նրան պարբերաբար ենթարկել են ծեծի միայն այն բանի համար, որ խնդրել է իրավաբանի օգնություն: Գործով նրա գանգատը վերաբերում է նաև այն բանին, որ իր հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ իր բողոքների հիման վրա իրականացված հետաքննությունը եղել է մակերեսային և անարդյունավետ: Հետաքննությունը դադարեցվել է 2006թ. հունիսին,`այն հիմքով, որ ոստիկանության սպաները հերքել են իրենց որևէ մասնակցությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` իր բուն և գործընթացային մասերով, և պարտադրել է Ուկրաինային վճարել 12,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:

[1]43 և 44-րդ հոդվածներով սահմանված կարգով այս պալատի որոշումները վերջնական չեն: Եվ դրանց ուղարկումից հետո՝ 3ամսվա ընթացքում, ցանկացած կողմ կարող է առաջարկել, որպեսզի գործը փոխանցվի Դատարանի Մեծ պալատ: Նման առաջարկություն լինելու դեպքում  5 դատավորից բաղկացած հանձնաժողովը որոշում է, թե արդյոք գործը կարիք ունի հետագա քննության: Դրական եզրակացության դեպքում Մեծ պալատը լսում է գործը և ուղարկում վերջնական որոշումը: Եթե առաջարկությունը մերժվում է, ապա այս պալատի որոշումը դառնում է վերջնական և կայացման պահից մտնում է օրինական ուժի մեջ: Որոշումն  օրինական ուժ ստանալուց հետո ուղարկվոմ է ԵԽ Նախարարների կոմիտե` դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

Մեկնաբանություններ