Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստած պայմանները և միջնորդագիր է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության ռեկտորին՝ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ։ Միջնորդագրի քննարկման արդյունքներով ի պատասխան ՊՈԱԿ-ից ստացված գրության հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Այսպես՝ 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս հեռակա ուսուցման։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին և այն ստորագրել: Պարզվել է նաև, որ ուսանողը, ընդունվելով համալսարան, 2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, և վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում ևս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար, սակայն վերջինս գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, և ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել են նույն համալսարանում կատարված այլ խախտումներ ևս:
Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորին միջնորդվել է՝ քննարկել ուսանողի բացակայության դեպքում դրական գնահատականներ նշանակելու, ինչպես նաև ուսանողների կողմից նախքան քննաշրջանի սկսվելը ստուգարքի, քննության կամ կուրսային աշխատանքի ընդունման հնարավորությունը: Բացի այդ, դասերին չհաճախած, սակայն ուսումնական տարվա քննական առարկաների համար դրական գնահատականներ ստացած ուսանողների՝ նշված առարկաների վերաբերյալ գիտելիքներն ստուգելու համար ստեղծել մասնագիտական հանձնաժողով։
Քննչական վարչության կողմից միջնորդվել է նաև՝ ուսանողի գնահատման ամփոփիչ տեղեկագրերում նշել ստուգարքի, քննության կամ կուրսային աշխատանքի ընդունման օրը, ամիսը և տարին, հրահանգավորել համապատասխան անձանց, որպեսզի ուսանողի բացակայության դեպքում այդ մասին մատյանում համապատասխան նշում կատարվի, ինչպես նաև սահմանել կանոնակարգված կարգ՝ ուսանողների բացակայությունների քանակից կախված նրանց քննաշրջանին մասնակցելու հնարավորության վերաբերյալ:
Միջնորդագիրը քննարկվել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից, և արդյունքների վերաբերյալ գրավոր պատասխան է ուղարկվել Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Ըստ ՊՈԱԿ-ի գրության՝ 2018թ. փետրվարի 27-ին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության պրոռեկտորը բացատրագիր է ներկայացրել նույն համալսարանի ռեկտորին առ այն, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգի քննությունների զգալի մասը և հատկապես ստուգարքները նշանակվում են, այսպես կոչված, «մեխանիկորեն», առանց գիտելիքների անհրաժեշտ իմացության և ստուգման, հակառակ դեպքում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների 70-80% կազատվեն համալսարանից՝ ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:
Միջնորդագրին ի պատասխան ստացված գրության մեջ մատնանշված հանգամանքները քննության առարկա են դարձվել Գորիսի քննչական բաժնում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: