Ուկրաինան Արդարադատության միջազգային դատարան է ուղարկել փաստաթղթեր և նյութեր, որոնք վկայում են Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության մասին՝ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծման մեջ։
Օրեր առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է, որ երկրի ներսում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի հատուկ ծառայությունը ակտիվ աշխատանքներ է իրականացրել՝ այդ ռազմական գործողություններին ՌԴ Զինված ուժերի ներկայությունը և մասնակցությունն ապացուցելու համար։ Նա հաստատել է, որ Ուկրաինան նյութեր և փաստաթղթեր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որոնց համաձայն՝ Ռուսաստանի զորքերը առնչություն ունեն 2015 թվականի հունվարին ուկրաինական Մարիուպոլ քաղաքի բնակելի թաղամասում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետ։
«Մենք բոլոր ապացույցներն ուղարկել ենք Արդարադատության միջազգային դատարան, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ և երկրից դուրս գործող 184 ուկրաինական հաստատություններ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներից պարզ է դարձել, որ այդ ժամանակաշրջանում ծավալված ռազմական գործողությունները և այդ ահաբեկչական հարձակումն իրագործել են ռուսական բանակի կադրային ծառայողները, ՌԴ Զինված ուժերի երկու հրթիռային և հրետանային ստորաբաժանումները և նրանց ղեկավարները», – փաստել է (ՈւԱԾ) ղեկավար Վասիլի Գրիցակը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարին Մարիուպոլ քաղաքը ռեակտիվ հրետանու ուժգին հարվածի է ենթարկվել, ինչի արդյունքում վիրավորվել է մոտ 100 մարդ և զոհվել՝ 30 մարդ։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 25-ը համաուկրաինական սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ զոհերի: