Ուկրաինան ԱՀԿ հայց է ներկայացրել Հայաստանի և Ղրղզստանի դեմ 

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Հայաստանի և Ղրղզստանի դեմ ԱՀԿ՝ ուկրաինական արտադրության պողպատե խողովակների որոշ տեսակների վրա հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառելու որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ Ուկրաինան բողոքել է, որ Հայաստանը և Ղրղզստանը չեն դադարեցրել ուկրաինական արտադրության պողպատե խողովակների նկատմամբ սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի կիրառումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ հակադեմպինգային մաքսատուրքեր սահմանելու մասին կայացված որոշումը նախատեսվում էր չեղյալ հայտարարել դեռևս 2016 թվականին:

Այսպիսով, Ուկրաինան դիմել է ԱՀԿ՝ Հայաստանի և Ղրղզստանի կողմից ուկրաինական խողովակաների նկատմամբ սահմանված հակադեմպիային մաքսատուրքերը դադարեցնելու հարցի շուրջ խորհրդակցություններ իրականացնելու պահանջով:

ԱՀԿ ներկայացրած իր հայցի մեջ Ուկրաինան բողոքել է, որ Հայաստանը և Ղրղզստանը խախտել են ԱՀԿ կանոնները և «Առևտրի սակագների մասին» Գլխավոր համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթները:

Նշենք, որ ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմնի մասնակցությամբ խորհրդակցություններ իրականացնելու պահանջով հայց ներկայացնելու որոշմամբ Ուկրաինան պաշտոնապես վեճ է նախաձեռնել Հայաստանի և Ղրղզստանի դեմ ԱՀԿ-ում:

Այժմ Հայաստանը և Ղրղզստանը պետք է քննարկումներ իրականացնեն և վերոհիշյալ վեճի շուրջ 60 օրվա ընթացքում որոշում կայացնեն՝ առանց հետագա դատավարության գործընթաց սկսելու: Հակառակ դեպքում՝ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ մարմիններին՝ սույն գործով վերջնական որոշում կայացնելու պահանջով:

Մեկնաբանություններ