Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Փարիզում արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի դեմ «Օշադբանկի» ներկայացրած բողոքը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով բանկին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Փոխհատուցման գումարը կազմել է 1.3 մլրդ․ դոլար՝ գումարած այն տոկոսները, որոնք պետք է ավելանան այդ գումարին մինչև փոխհատուցման փաստացի վճարումը։
Բանկի մամուլի ծառայության ներկայացուցիչները նշել են, որ Արբիտրաժային դատարանի կայացրած որոշումից հետո բանկը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ վճիռն ի կատար ածելու և Ռուսաստանի Դաշնությունից գումար ստանալու ուղղությամբ։
Ռուսաստանի Արդարադատության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ սույն գործի քննությունը և որոշման կայացումը Միջազգային արբիտրաժային դատարանի իրավասությունների շրջանակներից դուրս է։ Մոսկվան խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար:
Այնուամենայնիվ, այս փաստարկը մի քանի անգամ կիրառվել է Մոսկվայի կողմից: Այսպիսով, 2018 թվականի մայիսին Հաագայի արբիտրաժային դատարանը որոշել է 159 միլիոն դոլարի չափով գումար հատկացնել Ուկրաինայի գործարարներին, որոնք Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո բողոք են ներկայացրել Ռուսաստանի դեմ։ Մոսկվան իր հերթին բողոքել է, որ Ուկրաինան դեռևս համարում է թերակղզին իր տարածքը: Կրեմլի կարծիքով՝ միջազգային դատական ատյանները իրավասություն կունենան քննելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացրած պահանջները միայն այն դեպքում, եթե Կիևը ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին։
Նշենք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը զբաղվում է միջազգային առևտրային վեճերի լուծմամբ: Դատարանը բաղկացած է աշխարհի շուրջ 90 երկրներից ավելի քան 100 անդամներից: Միջազգային արբիտրաժային դատարանի կայացրած որոշումը պարտադիր բնույթ է կրում և բողոքարկման ենթակա չէ։