Լրատվական կայքերից մեկում «Գողության դեպք Գյումրիում…» վերնագրով հոդված էր զետեղվել, ուր ասվում էր, որ տուժողը Գյումրու քաղաքապետարանի աշխատակից է, գողությունը տեսանկարահանել են հարսանյաց սրահի տեսախցիկները, և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին, սակայն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչը ոչինչ չի ձեռնարկել տեսախցիկի արձանագրածն առգրավելու ուղղությամբ:
Նշվածի վերաբերյալ պարզաբանենք, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 22.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակում գտնվող աթոռի թիկնոցին կախված իր կիսաբաճկոնի ծոցագրպանից գողացել են 450.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում կատարել է օրենքով վերապահված իր գործառույթները. կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել տուժողից, ուսումնասիրվել են սրահի տեսախցիկների ձայնագրությունները և վերցվել են հետագա պարզաբանումներ կատարելու համար:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները ճշտել են գողության մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: