ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը:
Մասնավորապես, տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:
Վարդան Ղ.-ի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Ե.-ն պահանջել և բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 500.000 ՀՀ դրամ:
Վարդան Ղ.-ին մեղարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: