«Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստն սկսեց մեկ ժամ ուշացումով: Պատճառը Հանրային պաշտպանի գրասենյակից հաղորդագրությունն էր, ըստ որի՝ պաշտպան Թամարա Բաղդասարյանի վատաղոջ լինելու պատճառով վերջինս պետք է փոխարինվի մեկ այլ հանրային պաշտպանով:

Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ասաց, որ իր պաշտպանյալը վատ է զգում՝ մեջքի շրջանում ցավեր ունի և դժվարանում է նստել, ուստի անհրաժեշտ է հորիզոնական դիրքով պառկել: Հայկ Ալումյանը դատարանին դիմեց խնդրանքով, որպեսզի իր պաշտպանյալի համար շտապօգնություն կանչվի:

«Դատապարտյալների հիվադանոցից բերելիս երկու անգամ գցել են, որից հետո ցավերս ուժեղացել են»,-դատարանում հայտարարեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Դատական նիստը ընդմիջվեց՝ ամբաստանյալին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Պաշտպան Հայկ Ալումյանը մանրամասնեց, որ ոչ թե Շիրխանյանին են գցել, այլ սայլակն են անհարմար բարձրացնելու արդյունքում վայր գցել:

Ընդմիջումից հետո Վահան Շիրխանյանը նիստերի դահլիճում չէր, վերջինիս տեղափոխել էին Դատապարտյալների հիվանդանոց: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ընթերցեց շտապօգնության բժշկի կողմից արձանագրությունը, ըստ որի՝ Վահան Շիրխանյանը մեջքի հատվածում ունի սուր ցավեր: Դատավորը հայտարարեց, որ վերջինս ի վիճակի չէ դատական նիստին մասնակցել, ուստի դատական նիստը հետաձգվում է: Սակայն, ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ բժիշկական եզրակացության մեջ չի ասվում, որ առողջական խնդիրների պատճառով վերջինս չի կարող մասնակցել դատական նիստին:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հայտարարեց, որ դեռ շարունակում է նախորդ շաբաթվանից սկսած հացադուլը, սակայն հավելեց, որ իր առողջական վիճակը լավ չէ: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկից ստացել է համապատասխան գրություն ամբաստանյալի հացադուլի մասին:

Հավելենք, որ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյան հացադուլի միջոցով դատարանից պահանջում է վերանայել իր նկատմամբ խափանման միջոցը, հայտարարեց նաև, որ համաձայն չէ մեղադրանքի հետ: Վերջինիս պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը նույնիսկ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց, ուստի այլ տարբերակ չի մնում քան հացադուլ անելը:

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանի՝ Ապարի պաշտպան Կարմեն Պողոսյանը դատարանին հայտնեց, որ դիմել է դատարան՝ խնդրելով իրականացնել  միջգերատեսչական հանձնաժողովի որոշում ստանալու համար փորձաքննություն՝ խափանման միջոցը առողջության պատճառով փոխելու նպատակով:

Փաստաբանը հավելեց, որ սույն թվականի հոկտեմբերի Միջգերատեսչական հանձնաժողովը դիմել է դատարանին, որ իր վստահորդին միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք նեղ մասնագիտական  հետազոտություններ.

«Հետազոտությունների կատարումը հանձնարել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին: Դատարանի կողմից գրություն է կատարվել և հասցեագրվել  ուղեկցող գումարտակին  ու Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ պետին, այն դեպքում երբ դատապարտյալի հետազոտությունը պետք է տևի 2-3 օր, ինչը նշանակում է, որ նա պետք է պահվի ստացիոնար պայմաններում: Ստացիոնար պայմաններում կալանավորված անձին պահելու համար անհրաժեշտ է պահակախումբ, որի ապահովումը իրականացնում է ոչ թե ուղեկցող գումարտակը, այլ Քրեակատարողական վարչության ուղեկցող գումարտակը: Ես դատարանին խնդրեցի, որ հասցեն ճշտի, որին ի պատասխան դատարանը ասաց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդ ընդունելու տեղ չունեն»,-ասաց նա հավելելով, որ հաջորդ դատական նիստին կփորձի խափանման միջւոցը փոխելու նոր դիմումով հանդես գալ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ