Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Այնուհետև հնչեց Հանրապետության պետական օրհներգը։

Ապա հայրապետական իր օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. «Հայրենի պետականությունը վերականգնելու համար մեր ժողովուրդը մաքառումների երկար ճանապարհ է անցել, դիմագրավել բազմաթիվ փորձությունների։ Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու ու հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի ու մաքառումների պսակն ու դափնին, անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն է»:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կաթողիկոսին հայրապետական օրհնանքի համար, ապա ելույթով հանդես եկավ։

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնել հանրապետության նախագահի բարձր պաշտոնը, սա վիթխարի պատասխանատվություն է երկրի ժողովրդի ու պատմության առջև, այն ինձ մղում է լարել ողջ ուժերս ու եռանդս՝ արդարացնելու համար այն վստահությունը, որը մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց խորհրդարանը»,- հավելեց նա, շարունակելով, որ ինքը պետք է արդարացնի հանրության հույսերը, որոնք կապում են իր հետ, նաև՝ աշխարհասփյուռ հայության։

«Ինձ ուժ է տալիս հավատքը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ, սփռված մեր եղբայրների  ու քույրերի տոկունության ու տաղանդի հանդեպ»,- ասաց Սարգսյանը։

Հավելենք, որ հանդիավոր արարողությանը ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

 

Մեկնաբանություններ