Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանի գործով  կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը ժամեր առաջ հայտարարություն է տարածել` հայտնելով, որ դադարեցրել է հացադուլը: 

«Այն, ինչ տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, իմ վերաբերյալ քննվող շինծու դատավարության ընթացքում ինձ ուժ տվեց դադարեցնելու հացադուլը և նոր թափով շարունակելու պայքարս:

Դատավարության ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ դատավճիռը պատրաստ է: Դատավորի, նրան միացած մեղադրողների կողմից իմ ու իմ պաշտպանների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, ապօրինի գործողությունները, սպառնալիք պարունակող կշտամբանքները, իմ առողջության նկատմամբ ակնհայտ անտարբերությունը վկայում են, որ դատարանը ցանկացած գնով փորձելու է մեզ “տեղավորել” մշակված սցենարի մեջ:

Դրա՝ ապօրինության դեմ լավագույն պայքարի ձևը կռվելն է, որը ուժ և առողջություն է պահանջում:
Ես շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու և սատարելու համար: Մենք հասնելու ենք նրան, որ սցենարիստներն ու կատարողները պատասխան են տալու իրական արդարության ու ժողովրդի առջև: Մեր իշխանությունը մենք վերադարձնելու ենք մեզ. թող ոչ ոք չկասկածի: Մենք ապրելու և արարելու ենք իրապես ազատ Հայաստանում»:

Ներսես Պողոսյան
Նուբարաշեն ՔԿՀ

Մեկնաբանություններ