Նախազգուշացումը` որպես վարչական տույժի կիրառման հեռանկարները,ՀՀ-ում։
Մեր զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի գործընկեր, ներպետական պրակտիկայի գծով Տնօրեն Նորայր Բալայանը։
Վերջերս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն սկսվեց լայնորեն կիրառվել նախազգուշացումը։ Ինչո՞վ էր պայմանավորված նախազգուշացման կիրառման անհրաժեշտությունը։
Բարև Ձեզ։ Մի փոքր համաձայն չեմ այն մոտեցման հետ, որ կիրառվում է նախազգուշացումը՝ որպես իրավական կատեգորիա։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «Նախազգուշացումը՝ որպես վարչական տույժի միջոց, կիրառվում է գրավոր։ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումն արձանագրվում է սահմանված այլ եղանակով»։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվեց հետևյալ մոտեցումը, համաձայն որի վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում իրավախախտում կատարած անձը պաշտոնատար անձի կողմից իրազեկվում է այն մասին, որ 24 ժամվա ընթացքում վարչական իրավախախտման հատկանիշները վերացվելու դեպքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից։ Հետևաբար, այս դեպքում նախազգուշացումը չի հանդիսանում իրավական կատեգորիա, քանի որ չի կիրառվում որպես պատասխանատվության միջոց, այսինքն՝ չի արձանագրվում գրավոր եղանակով։
Նշեցիք, որ վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, պաշտոնատար անձի կողմից տրվում է 24 ժամ վարչական իրավախախտման հատկանիշները վերացնելու համար։ Արդյո՞ք այս մոտեցումը կիրառվում է բոլոր վարչական իրավախախտումների դեպքում։
Ո՛չ։ Հիմնականում դրանք վարչական այն իրավախախտումներն են, որոնք կապված են տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքության հետ։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցի լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելը։
Այսինքն՝ նախազգուշացումը կիրառվում է գրավոր։ Արդյո՞ք ՀՀ-ում նախազգուշացում կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում։
Ըստ օրենսգրքում առկա իրավակարգավորման՝ նախազգուշացումը կարող է կիրառվել միայն գրավոր ձևով։ Այսինքն՝ միայն գրավոր փաստաթղթի առկայության դեպքում կարող է կիրառվել նախազգուշացումը։ Իրավակիրառ նման պրակտիկա առկա էր խորհրդային տարիներին։ Հարկ է նշել, որ արտասահմանյան երկրների փորձը վկայում է, որ նախազգուշացումը լայնորեն կիրառում ունի տրանսպորտային միջոցների կանոնների խախտման դեպքում։ Այսպես՝ Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ Ավստրալիայում և այլ երկրներում, կա կառավարության կողմից մշակված օրինակելի ձև, որի հիման վրա կիրառվում է նախազգուշացումը՝ որպես վարչական տույժ՝ համապատասխան նշում կատարելով այդ փաստաթղթում։ Ինչ վերաբերում է նախազգուշացման կիրառմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ առկա են վարչական իրավախախտումներ, որոնք ունեն նվազ հանրային վտանգավորության աստիճան, որոնց դեպքում կարող է կիրառվել նախազգուշացումը։ Օրինակ՝ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է սահմանված ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու դեպքում կամ ձայնային ազդանշանի կանոնները խախտելու դեպքում։
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումն արձանագրվում է սահմանված այլ եղանակով։ Արդյո՞ք օրենսդրության մեջ առկա են արձանագրման այլ ձևեր։
Ներպետական իրավաստեղծ աշխատանքում, կարծում եմ՝ դեռևս չի արձանագրվել նախազգուշացման այլ եղանակներ, իսկ իրավաբանական գրականության մեջ առկա են մոտեցումներ, համաձայն որոնց նախազգուշացումը կարող է կիրառվել նաև էլեկտրոնային եղանակով։
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը։ Արդյո՞ք ուսումնասիրել եք նախագծում առկա իրավակարգավորումները նախազգուշացման վերաբերյալ։
Այո՛։ Նախկին հետխորհրդային երկրներից միայն Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ դեռևս չի ընդունվել նոր օրենսգիրք։ Նախագծով տրվում է նախազգուշացման հասկացությունը։ Մասնավորապես՝ նախազգուշացումը պաշտոնական զգուշացում է վարչական իրավախախտում կատարելու անթույլատրելիության մասին։ Եվ մի շարք վարչական իրավախախտումների համար որպես վարչական տույժ սահմանվել է նախազգուշացումը։ Ի տարբերություն ներկա իրավակարգավորումների, նախազգուշացումը, որպես կանոն, չի կիրառվում վարչական իրավախախտումների դեպքում։
Ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի նախազգուշացումը ՀՀ-ում։
Իրավական մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ վարչական տույժերի շարքից հիմնականում կիրառվում է տուգանքը։ Իսկ տուգանքն իրենից ներկայացնում է դրամական տուժանք, որն երաշխավորում է պետական բյուջե մուտքեր։ Այսինքն՝ հիմնականում տուգանք կիրառելը վկայում է այն մասին, որ վարչական քաղաքականությունը ունի պատժիչ բնույթ։ Մինչդեռ նախազգուշացումը կիրառվում է՝ նպատակ ունենալով կանխարգելել հետագայում վարչական իրավախախտումներ կատարելը։ Այստեղ հենց դրսևորվում է տույժի հիմնական նպատակներից մեկը՝ կանխել հետագայում վարչական նոր իրավախախտումների կատարումը։ Տեղին է մեջբերել Ա․ Կորենևի խոսքերը․ «Իրավունքի ներկա զարգացումը վկայում է այն մասին, որ մոտ ապագայում նախազգուշացումը վարչական տույժերի համակարգից դուրս է մղելու տուգանքը»։
Շնորհակալություն։
Հարցազրույցը վարեց Նաիրա Մարգարյանը։