Միջազգային քրեական դատարան են փոխանցվել օկուպացված Դոնբասում տեղի ունեցած խոշտանգումների մասին վկայությունները

Ուկրաինայի իրավապաշտպանները Հաագայի Միջազգային քրեական դատարան տեղեկություններ և փաստաթղթեր են ներկայացրել՝ Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքներում իրականացվող սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի Դատախազությանն են փոխանցվել Ուկրաինայի արևելքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հաճախակի տեղի ունեցող հանցագործությունների մասին վկայող փաստաթղթային ապացույցները։

Երեք տարվա ընթացքում իրավապաշտպանների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ծավալված գործունեության արդյունքում հայտնաբերվել է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործության 120 դեպք։ Հայտնաբերված բոլոր հանցագործների և զոհերի անունները, ինչպես նաև՝ դեպքերին առնչվող բոլոր մանրամասները ներկայացված են փաստաթղթերում։ Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի ներկայացուցիչներն անձամբ հանձնել են վկայությունները և փաստաթղթերը Միջազգային քրեական դատարանի Դատախազության գրասենյակ։

«Մենք անօրինական զինված խմբավորումների կողմից իրականացված սեռական բռնության դեպքերի մասին ավելի քան 110 վկայություն ունենք։ Դրանք պարզապես խոսակցություններ չեն սոցիալական ցանցերից կամ մամուլի հրապարակումներից։ Դրանք այն անմիջական վկայություններն են, որոնք տվել են սեռական բռնության և հարկադիր մարմնավաճառության ենթարկված զոհերը։ Կան նաև խոշտանգումների ենթարկված և հանցագործության դեպքերին ականատես անձանց վկայությունները։ Վկաների խոսքերով՝ Դոնբասում շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ հանցագործություններն իրականացվել են, հիմնականում, ապօրինի զինված խմբավորումների ղեկավարների և այլ անհայտ խմբավորումների անդամների կողմից։ Սովորաբար, նման դեպքերի մասին զոհերը համաձայնում են խոսել միայն տարիներ անց՝ հոգեբանական վնասվածքներից ապաքինումից հետո»,- հայտարարել են Ուկրաինայի իրավապաշտպանները։

Մեկնաբանություններ