Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է նյութական և բարոյական վնասի համար 147 հազար եվրո գումարի չափով փոխհատուցում հատկացնել Չեչնիայից Սուլեյմանովների ընտանիքին: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)։
Առաջին Դիմումատուն՝ Շոմսուդին Սուլեյմանովը, ծնվել է 1951 թվականին, երկրորդ Դիմումատուն՝ Սաիդ Սուլեյմանովը, առաջին Դիմումատուի որդին է, ծնվել է 1982 թվականին, իսկ երրորդ Դիմումատուն՝ Զարեթ Սուլեյմանովան, առաջին Դիմումատուի դուստրն է, ծնվել է 1986 թվականին։ Բոլոր Դիմումատուները բնակվում են Չեչնիայում:
2004 թվականի դեկտեմբերին ռուսական զինված ուժերը ռազմական ուղղաթիռից հրթիռ են արձակել Շոմսուդին Սուլեյմինովի և նրա կնոջ տան վրա, որը գտնվել է Տազեն-Կալա գյուղում: Այդ պահին տանը միայն նրանց երեխաներն են եղել՝ 22-ամյա Սաիդը, 18-ամյա Զարեթը և 14-ամյա Սայդանը: Հրթիռի հարվածի արդյունքում մահացել է Սայդանը, Զարեթը գլխի վնասվածք է ստացել և կորցրել է աչքը, Սաիդը նույնպես կորցրել է մեկ աչքը և կույր է դարձել:
Դիմումատու Սուլեյմանովի երկու երեխաները հաշմանդամ են դարձել, իսկ տունն ամբողջությամբ այրվել է: Հայտնի է նաև, որ համապատասխան ժամանակահատվածում գյուղում ընդամենը երեք ընտանիք է ապրել, այդ թվում՝ Դիմումատուների ընտանիքը։ Տեղի բնակիչները լքել են իրենց տները ռմբակոծությունների պատճառով:
Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Սուլեյմանովը երբեք չի կասկածվել անօրինական զինված խմբավորումներին անդամակցելու մեջ։ Սակայն, զինվորականներն ու Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ այդ օրը չեն իրականացրել հակաահաբեկչական գործողություններ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և փորձաքննություն է իրականացվել, ինչի արդյունքում հաստատվել է, որ տունը ոչնչացվել է չկառավարվող հրթիռների միջոցով։ Սակայն, քննության ժամանակ չեն հայտնաբերվել Սուլեյմանովի տան ուղղությամբ հրթիռներ արձակած ուղղաթիռի օդաչուները:
2009 թվականին քննիչները հարցաքննություն են կատարել, սակայն, Հյուսիսային Կովկասում տեղակայված ուժերի միավորված խմբավորման շտաբը, որը գտնվում է Խանքալայում, տեղեկացրել է, որ 2006 թվականին ոչնչացվել են 2004 թվականին գործողություններ կատարած ուղղաթիռների մասին բոլոր տվյալները՝ դրանց արխիվացման ժամկետի ավարտի պատճառով։
2006 թվականի նոյեմբերին Սուլեյմանովն իր ոչնչացված տան տարածքում հայտնաբերել է հրթիռի մի մաս և դրա մասին հայտնել է համապատասխան մարմիններին։ Այնուամենայնիվ, իշխանությունները չեն բացահայտել զորամասը, որին այն պատկանել է, քանի որ նման տեղեկատվությունը պետական գաղտնիք է համարվում: Դիմումատու Սուլեյմանովը բազմիցս դիմել է ներպետական դատական ատյաններին՝ խնդրելով հավուր պատշաճի քննություն իրականացնել դեպքի առթիվ, սակայն, ապարդյուն։
Դիմումատուները բողոքներ են ներկայացրել ՄԻԵԴ 2008 թվականին։ Գործի քննության ընթացքում ՄԻԵԴ-ը պարզել է, որ ուղղաթիռը հարվածել է Դիմումատուի տանը 2004 թվականի դեկտեմբերի 3-ին, և որոշել է, որ Ռուսաստանի կառավարության այն փաստարկը, որ ուղղաթիռը և դրա օդաչուն չեն հայտնաբերվել, համոզիչ չէ։ Հետևաբար, պետությունը պարտավոր է պատասխանատվություն կրել մահաբեր ուժի գործածության համար և, մասնավորապես, ցույց տալ, որ այդ ուժն օգտագործվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներից որևէ մեկի հետապնդման համար, ինչը բացարձակապես անհրաժեշտ է:
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իշխանություններն արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել Դիմումատուների տան վրա հարձակման հանգամանքները պարզելու համար։ Դատարանը նշել է նաև, որ Կառավարությունը բացատրություն չի տվել ռազմական գործողությունների նպատակների կամ պատճառների վերաբերյալ, ուստի, չի կարող ընկալվել սույն գործի հանգամանքներում մահաբեր ուժի կիրառման որևէ հիմնավորում։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածը և արձանագրել է, որ Ռուսաստանը պետք է նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար երեք Դիմումատուներին միասին վճարի 147 հազար եվրո։