«ՄԻԵԴ-ը բավարարել է միջնորդությունը և շուտով Կարո Եղնուկյանի գործն առանձին կքննվի». փաստաբան

«Դիմում եմ պատգամ մարմիններին և հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել իր լիազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների, անմարդկային նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Հաշվի առնելով վերոնշյալը, պահանջում եմ զերծ մնալ

իմ նկատմամբ բռնություն գործադրելուց և ուժ կիրառելուց, պահանջում եմ պատասխանատվության ենթարկել նման ակնհայտ անօրինական որոշումներ կայացնող Արտուշ Գաբրիելյանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանի խոսքը փոխանցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Դիմումն ուղարկվել է  ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ-ին և Արդարադատության նախարարին:

Ի պատասխան Եղնուկյանի դիմումի՝ Քրեակատարողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ դատական սանկցիայի առկայության դեպքում, Կարո Եղնուկյանը պարտավոր չէ ներկայանալ նիստին: Սակայն, միևնույն է, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ցուցում է տալիս քրեակատարողական հիմնարկին, որ Եղնուկյանին տեղափոխեն դատարան: 

Ինչպես նշել է ամբաստանյալ Եղնուկյանը, ինքը չի ուզում մասնակցել «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստերին. «Ինձ անիմաստ տեղը, շատ վատ պայմաններում հասցնում են դատարան և 8 ժամ դատարանի նկուղում պահում, ինչն արժանապատվությունը ոտնահարող հանգամանք է»:

Փաստաբան Հայրապետյանը դիմել է ՄԻԵԴ, միջնորդություն ներկայացնելով, որպեսզի Եղնուկյանի գործն առանձնացվի «Սասնա Ծռեր»-ի վարույթից և հատուկ կարգավիճակ շնորհվի: ՄԻԵԴ-ը բավարարել էր միջնորդությունը և շուտով գործն առանձին կքննվի:

«Թե չէ այն տպավորությունն է, որ այս դատական նիստերը չեն վերջանալու: Արդեն մի քանի նիստ է ընթացել, սակայն գործի քննությունը մինչև օրս նույն տեղում է»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարող Եղնուկյանը ձերբակալվել է հուլիսի 20-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրեսգրքի 218 և 219 հոդվածների 3-րդ մասով, այն է՝ պատանդներ և շենք, շինություններ պահելուն աջակցելը: 

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ