Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը կիսում են այն կարծիքը, որ միայն ՄԱԿ-ը կարող է միջազգային վեճերի լուծման հարթակ հանդիսանալ: «Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներն են: Հետևաբար՝ մենք հատուկ առաքելություն ունենք համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործում: Մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր վեճերի և խնդիրների լուծումը կարող է տրվել միայն ՄԱԿ-ի օգնությամբ, և ոչ այլընտրանքային հորինված կամ վիրտուալ կազմակերպությունների միջոցով»,- հայտարարել է Մեդվեդևը՝ Չինաստան կատարած իր այցի շրջանակներում տեղի ունեցած առցանց կոնֆերանսի ժամանակ:
Նա նաև հավելել է, որ երկու երկրներն արդեն երկար ժամանակ է համագործակցում են անվտանգության ոլորտում: Սակայն այժմ նոր սպառնալիքներ են հայտնվել, ինչպիսին է, օրինակ, կիբեռհանցագործությունը: Ռուսաստանի վարչապետը վստահեցրել է, որ երկու երկրները կհամագործակցեն նաև այլ ոլորտներում: