Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։
Նիստին չէին ներկայացել պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Արա Զաքարյանը, վերջիններս դատարանին հայտնել էին, որ չեն կարող ներկայանալ։ Դատավորը ներկաներին հայտնեց, որ Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ այսօր գտնվելու է այլ դատական նիստերի, իսկ Արա Զաքարյանը բերել է անհասկանալի պատճառաբանություն իր բացակայության վերաբերյալ։
Փաստաբան Լուսինե Սահակյանը դիմեց դատարանին, որպեսզի նիստը հետաձգվի, քանի որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն այլ պաշտպան չունի Հայկ Ալումյանից բացի, սակայն դատավորը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չկա, քանի որ ինքը պետք է ծանոթանա ամբաստանյալների հետ և տեղեկանա նրանց դիրքորոշմանը։ Այնուհետև քննարկվեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարցը, որի ժամանակ դատավորը կողմերին հայտնեց, որ դատարանը շարժվելու է միայն օրենքով և կողմերը կարող են վստահ լինել այդ հարցում։
Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը հայտնեց, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի իրենց նկատմամբ՝ նշելով, որ չի հանվում տեսակցությունների վրա դրված արգելքը, բացի այդ ‹‹Սասնա ծռեր›› խմբավորման անդամներից շատերի կալանքի խափանման միջոցը պետք է փոխվեր․ ‹‹Դուք խափանման միջոցը թողել եք անփոփոխ, ինչն արդեն խոսում է ձեր կանխակալ լինելու մասին››։
Պատասխանելով Գագիկ Եղիազարյանի ելույթին դատավորը հայտնեց, որ տեսակցելու վերաբերյալ պաշտպանների բոլոր միջնորդությունները բավարարվել են․ ‹‹Եթե ձեր որևիցե բարեկամ ցանկանում է այցելել ձեզ, այդ դեպքում պաշտպանները կարող են ներկայացնել միջնորդություն››։
Ելույթի իրավունք խնդրեց նաև Պավել Մամուկյանը, վերջինս իր խոսքում նշեց, որ դատավարությունն իրեն հիշեցնում է մի անեկդոտ, երբ 2 ապարանցի շախմատ են խաղում և խաղն ավարտվում է նրանով, որ չեբուրաշկեն խաղատախտակի վրա ինֆակտից մեռնում է։ Պավել Մամնուկյանը նաև հայտնեց, որ 20 տարի ի վեր չկա մի բան, որ դժգոհություն չառաջացնի մարդկանց մոտ։
‹‹Մենք մեր ժողովրդի սիրուց բարձրացանք զոհասեղանին և էլ չենք գնալու, երբ ես հրաժեշտ եմ տվել և տնից դուրս եմ եկել, ես դուրս եմ եկել հաղթանակով հետ գալու համար։ Հիմա էլ ես զոհասեղանին կմեռնեմ, բայց պարտված տուն չեմ գնա։ Ես հարգում եմ ձեզ և տեսնում եմ ձեր մտահոգությունը, որովհետև սա չոքել է յուրաքանչյուրի դուռը։ Ես շնորհակալ եմ, որ դուք մեզ ամբաստանյալ չեք անվանում։ Ես ուղղակի կխնդրեմ, որ մենք ունենանք մի արդար դատավոր, որից այս իշխանությունը կվախենա››,- հատնեց Պավել Մանուկյանը ։
Ելույթ ունեցավ նաև Վարուժան Ավետիսյանը, վերջինս իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում հանցագործները զավթել են պետությունը և այն վերածել են իրենց հանցագործությունների իրականացման գործիքի։
‹‹Ես չեմ կարող որպես ՀՀ քաղաքացի և հայ մարդ ձեզ ընդունել որպես դատարան և համապատասխանաբար որևէ վերաբերմունք արտահայտել ձեր նկատմամբ, որպես դատավորի։ Դուք դատավոր չեք այլ հաշվեհարդարի գործիք, հաշվեհարդարի մեքենայի բաղադրիչ և սա դատավարություն չէ, այլ հաշվեհարդար է։ Մենք ռազմագերիներ ենք և այսօր մեր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում։ Իրավունքի մեջ մենք ապստամբներ ենք և բարձրացրել ենք ամպստամբություն››,- իր խոսքում նշեց նա։
Իր դիրքորոշումն արտահայտեց նաև Արայիկ Խանդոյանը, որին ընդհատեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ նրա ելույթը ոչ մի կապ չունի դատավորի ինքնաբացարկ հայտնելու հետ։
‹‹Ձենդ կտրի´ր աղջիկ ջան, երբ տղերքը խոսում են։ Այ սենց թափթփուկների պատճառով է, որ իմ ազգը դարձել է ամենավերջինը։ Սրանց նման թփթփուկները բնաջնջեցին մեր ազգը․․․››,- դատախազին դիմեց Արայիկ Խանդոյանը։
Դատավորը մի քանի անգամ փորձեց լռեցնել և զսպել Խանդոյանին, խնդրելով չվիրավորել ներկաներին, սակայն նա շարունակում էր խոսել, ինչի պատճառով դատավորը մի քանի րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջումից հետո տեղի ունեցավ ամբաստանյալների ինքնության ճշտում, որի ժամանակ Պավել Մանուկյանը հայտնեց, որ ունի ‹‹2 հայրենասեր երեխա և մեր ձեռքը կրակն ընկած կնիկ››,- կատակեց նա։
Արայիկ Խանդոյանն էլ ասաց, որ ամուսնացած է և ունի հինգ երեխա, դատավորը փորձեց ճշտել․
‹‹ Հի՞նգ երեխա››,
‹‹Այո հինգ․․․զարմանո՞ւմ ես ցավդ տանեմ››,- պատասխանեց Խանդոյանը։
‹‹Չէ ուրախանում եմ››,- Խանդոյանի հարցին պատասխանեց դատավորը։
Խոսակցությանը միջամտեց Պավել Մանուկյանը․ ‹‹Որ չխանգարեիք, մի հատ էլ կունենար››։ Դատավորն էլ հուսադրեց․ ‹‹Կունենաք, կունենաք››։
Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանն էլ հայտնեց, որ ամուսնացած չէ, բայց կհասցնի՝ ‹‹Ի հեճուկս ցեղասպան ռեժիմի››։
Այնուհետև փաստաբան Արա Ղարագյոզյանը հանդես եկավ դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբցարակի միջնորդությամբ՝ նշելով, որ վերջինս ունի կանխակալ վերաբերմունք Արայիկ Խանդոյանի նկատամամբ։ Փաստաբան Հրանտ Գևորգյանն էլ խնդրեց դատարանին հետաձգել միջնորդության քննարկումը, որին միացավ նաև Մուշեղ Շուշանյանը՝ նշելով, որ այն քննարկեն այն ժամանակ, երբ դատավարության բոլոր կողմերը ներկա կգտնվեն նիստին։
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը։
Այնուհետև պաշտպանները ներկայացրին միջնորդություններ՝ տեսակցությունների և զանգերի վերաբերյալ, խնդրելով դատարանին թույլ տալ նաև այլ հարազատների այցելությունը ամբաստանյալներին։ Դատավորը թույլատրեց, որպեսզի որոշ ազգականներ այցելեն ամբաստանյալներին, սակայն նշեց, որ չի կարող վերացնել այլ անձանց տեսակցությունների սահմանափակումը, քանի որ տվյալ անձինք կարող են համարվել գործով վկաներ։
Միջնոդությունների քննարկումից հետո դատավորը կողմերին հայտնեց, որ այսուհետ ‹‹Սասնա ծռեր›› խմբավորման 10 անդամների մասով անջատված գործը պետք է քննվի շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի, սակայն պաշտպանները դեմ արտահայտվեցին այս որոշմանը՝ հայտնելով, որ ծանրաբեռնված են, եկուշաթի օրերին, ունեն այլ դատական նիստեր և չեն կարող շաբաթական 2 օր տրամադրել այս գործին։ Լսելով կողմներին դատավորը չփոխեց իր որոշումը և վերջում նշեց, որ անպայման հետևողական է լինելու՝ պաշտպանները այդ օրը այլ նիստի լինելու են, թե ոչ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:
Նյութը՝ Ելենա Արամյանի
1,128 դիտում