«Մենք ոչ թե ամբաստանյալներ ենք, այլ՝ ռազմագերիներ».«Սասնա ծռեր»- ի անդամ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուրբարաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախաահությամբ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը  նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ ամբաստանյալ Կարո Եղնուկյանի արյան ճնշումը բարձրացել էր և ՔԿՀ-ի պետը համապատասխան գրությամբ դատարանին տեղեկացնում է, որ ամբաստանյալի համար հրավիրվել է համապատասխան բժշկական բրիգադ, սակայն վերջինս հրաժարվել է դեղորայք ստանալուց:

Դատավորը նաև ընթերցեց ամբաստանյալի կողմից գրությունը, որով դատարանին տեղեկացնում է, որ իր բացակայության պայմաններում կարող են գործի քննությունը շարունակել:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ևս ամբաստանյալ Կարո Եղնուկյանը առողջական խնդիրների հրաժարվեց գործի քննությանը մասնակցել:

Այսօրվա դատական նիստին թարգմանիչ Անի Հովհաննիսյանը չէր ներկայացել, վերջինիս փոխարինելու էր եկել նույն՝ «Սոնա»- ՍՊԸ-ի մեկ այլ թարգմանիչ՝ Ռաիսա Հովհաննիսյանը:

Պաշտպան Մուշեղ Շուշանյան անդրադարձավ ամբաստանյալներին դատարան տեղափոխելու պայմաններին, նշելով, որ վերջիններիս տեղափոխում են գազել մակնիշի մեքենայով՝4 ամբաստանյալին առանձին խցերում  և նրանք այդ ժամակահատվածում գտնվում են «պռես արված» վիճակում. «Դրանք անմարդկային պայմաններ են: Ինձ խնդրի մասին այսօր ասացին.խնդրում եմ, որ դատարանը միջոցներ ձեռնարկի խնդրի լուծման համար, հակառակ դեպքում ամբաստանյալները ասել են, որ հաջորդ անգամ նման պայմաններում կհրաժարվեն դատարան գալ»,-ասաց նա:

«Խուցը էքան փոքր ա, որ սիրտս տրաքում ա»,- տեղափոխման պայմաններին անդրադարձավ ամբաստանյալ Արմեն Լամբարյանը:

Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը մանրամասնեց, որ Վարդգես Գևորգյանը «Սասնա ծռեր»- ի անդամ չէ, այլ օժանդակող, և ազատության մեջ գտնվելով չի կարող խոչընդոտել նախաքննությանը:  Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը:

Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ, հիմնավորելով, որ Վարդգես Գևորգյանը Վարդգես  դասակի հրամանատար է եղել և չարաշահելով իր պաշտոնական դիրքը  ռազմամթերք է հափշտակել. «Ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ կարող է թաքնվել իրավապահ մարմիններից, խոչնդոտել գործի քննությանն ու կատարել այլ հանցագործություն»,-ասաց մեղադրող Արթուր Չախոյանը:

Դատավորը պաշտպանի միջնորդությունը մերժեց, ինչը վրդովմունք պատճառեց ամբաստանյալ Վարդգես Գևորգյանին. «Դուք Ձեր որոշումով ապացուցեցիք, որ մենք ոչ թե ամբաստանյալ ենք, այլ՝ ռազմագերի: Եթե այստեղ հանցագործ կա ուրեմն դա մեղադրող կողմն ա, կամ քննչական մարմինները. Թող լավ աշխատեին»,-ասաց ամբաստանյալը մի քանի անգամ շեշտը դնելով այն փաստին, որ իրենք դատական նիստին ռազմագերու կարգավիճակ ունեն. «Մենք ինչ արել ենք ժողովրդի կամքով ենք արել, ինչ ժողովրդի կամոք ա, դա իրավական ա»: Դատավորն էլ իր հերթին ասաց, որ նիստերի դահլիճում գտնվող բոլոր ամբաստանյալները անմեղ են, մինչև դատարանի համապատասխան որոշումը. «Լամբարայն, էս 4 ամիս ա չէիր խոսում, ինչի՞ ես ակտիվացել»,-ասաց դատավորը:

Ամբաստանյալ Մանվել Աթոյանն էլ իր հերթին ցանկացավ միջնորդություն ներկայացնել գործից իր մասն անջատելու վերաբերյալ. «Մարդը գերագույն արժեք է. դատարան-դատախազ կոալիցիայի արդյուքում մարդու գերագույն արժեքը կասկածի տակ եք դնում»,-ասաց նա, ինչին ի պատասխան դատավորը ասաց. «Ձեզ ա թվում»:

Ամբաստանյալը շարունակեց. «Ես կապ չունեմ«Սասնա ծռեր»- ի հետ՝ գործս անջատեք, ես նույնիսկ չգիտեմ թե ՊՊԾ գունդը որտե՞ղ է գտնվում: Էս դատավարությունը երկար ա ձգվում, իմ գործը 2 դատական նիստով վերջանալու ա ու դա ակնհայտ ա՝ ես անմեղ եմ»,-միջնորդեց ամբաստանյալ Մանվել Աթոյանը:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը միացավ միջնորդությանը. «Մանվել Աթոյանը մեղադրվում է զանգեր է կատարել և գնդից դուրս մարդկանց ոգևորելու համար: Մաս անջատելը ընդհանրապես չի անդրադառնա գործի օբյեկտիվ քննությանը, հակառակ պարագայում, եթե մաս չանջատվի՝ նա ստիպված է լինելու մասնակցել բոլոր դատական նիստերին, ապացույցների հետազոտմանը: Անձին այստեղ պահելով խախտվում է ողջամիտ ժամկետներում դատաքննություն ունենալու իրավունքը»,-ասաց նա:

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: ՄԵղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց ինչին ի պատասխան պաշտպան Արայիկ Պապիկյանը ասաց. «Մեղադրող կողմը պաշտպանական կողմի միջնորդությունները սվիններով է ընդունում»:

Մեղադրող կողմը փորձեց մանրամասնել առարկության վերաբերյալ, սակայն ամբաստանյալ Աշոտ Պետրսոյանը վերջինիս խոսքի ժամակ ասաց. «Ես ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու»: Դատավորը նկատողություն արեց վերջինիս՝ դատական գործընթացին խանգառելու համար: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Մանվել Աթոյանի մասն անջատելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց:

Մուշեղ Շուշանյանը իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացրեց՝ առանձին առանձին, սակայն դատավորը մերժեց բոլոր 3 ամբաստանյալների՝ Գառնիկ Հովակիմյանի, Արթուր Սողոմոնյանի և Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու կամ կալանքով փոխարինելու մասին միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ