«Մեղադրական եզրակացությունը շատ նման է ազատ թեմայով գրված շարարդրության». Սեֆիլյանի գործով փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նախքան ճառին անցնելը փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ պաշտպանական ճառն ունի ‹‹Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու լինելու ապացույցները›› անունը: Փաստաբանը նշեց, որ սա դատավարություն է, որի ժամանակ դատարանը չի իրականացրել արդարադատություն և այն զուրկ է իրավական ձևակերպումներից:

Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատարանը և ԱԱԾ-ն գործել են օրենքից դուրս և քաղաքական հետապնդում են իրականացրել Սեֆիլյանի նկատմամբ: Փաստաբանը հրապարակեց նաև Սեֆիլյանի և Վիտալի Բալասանյանի հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել 2015 թվականին: Հեռախոսազրույցի ժամանակ Վիտալի Բալասայանը Սեֆիլյանին խնդրել է չգնալ Արցախ և ոչինչ չանել, հակառակ դեպքում ինքը ևս ստիպված կլինի գնալ Արցախ՝ նշելով, որ այդ կերպ կփչացնի իրենց հարաբերությունները: Ի պատասխան Վիտալի Բալասանյանին Սեֆիլյանը պատասխանել է, որ իրենք ոչ մի վատ բան չեն պատրաստվում անել:

Նշենք, որ 2015 թվականին Սեֆիլյանն ու նրա աջակիցները ավտոերթ էին կազմակարպել դեպի Արցախ, սակայն անհայտ անձինք հարձակվել էին նրանց վրա, կոտրել ավտոմեքենայի ապակիները և ծեծի ենթարկել նրանց:

Իր ճառում Արայիկ Պապիկյանը նաև հայտնեց, որ պարբերաբար լսվել է Սեֆիլյանի հեռախոսահամարները, իսկ 2016 թվականի հունվարի 12-ին Սեֆիլյանը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության, որի ժամանակ քննիչը նրան զգուշացրել է, որ դադարեցնի իր գործունեությունը հակառակ դեպքում կպատժվի:

‹‹Երբ Սեֆիլյանը որևէ հարցազրույց կամ ասուլիս էր տալիս, նրա դեմ գործողություններ էին կատարվում››,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանը նաև հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը անհիմն է, քանի որ Սեֆիլյանը չէր կարող իրեն անծանոթ մարդկանց հետ, որոնց երբեք չէր հանդիպել կամ 1-2 անգամ էր տեսել,  նման գործողություններ իրականացնել:

Անդրադառնալով Ներսես Պողոսյանին առաջադրված մեղադրանքին Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ընթերցելով մեղադրանքում տեղ գտած տեքստից մի հատված փաստաբանը հայտնեց, որ իրենք չեն հասկանում, թե սա ի՞նչ կապ ունի Ներսես Պողոսյանի հետ. ‹‹Մարդիկ իրավաբանության փոխարեն զբաղված են աճպարարությամբ իսկ մեղադրական եզրակացությունը շատ նման է ազատ թեմայով գրված շարարդրության››:

Նշենք, որ մեղադրող կողմը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Մեկնաբանություններ