«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին այդ մասին տեղեկացրել է ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Օրենքի նպատակը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող՝ նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության և հասարակություն սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ:
Օրենքով սահմանվել է «մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ», «զոհ», «հավանական զոհ», «հատուկ կատեգորիայի զոհ», «ինքնանույնացված զոհ», «նույնացման ներկայացում» հասկացությունների բովանդակությունը:
Ըստ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝ օրենքով սահմանված դրույթները ենթակա են իրագործման բացառապես անձի համաձայնության պարագայում՝ ապահովելով նրա անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը, եթե այն չի բխում նրա շահերից՝ բացառելով մարդու կյանքը և արժանապատվությունը որեւէ կերպ վտանգող տեղեկատվության արտահոսքը կամ հրապարակումը:
Իսկ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված է. «Արգելվում է զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ եղանակով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք թույլ կտան նույնացնել վերջինիս ինքնությունը՝ բացառությամբ նրա շահերից բխող դեպքերի՝ նույնացման հանձնաժողովի որոշմամբ»:
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձը, օրենքով սահմանված կարգով, ազատվում է այն իրավախախտումների համար քրեական և վարչական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:
Օրենքում սահմանված են նաև օրենքի կիրարկումն ապահովող հիմնական մարմինները՝
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (հոդված 9), գործընկեր հասարակական կազմակերպությունը (հոդված 10), մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը (հոդված 11), նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները (հոդված 12):
Մասնավորապես, նախատեսվում է ձևավորել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ, որը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավար կազմից բաղկացած մարմին է: Խորհրդի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հիմնական ուղղությունների որոշումը, այդ ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգումը, խորհրդին կից գործող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների վերահսկումը:
Օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում, խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել նաև շահագրգիռ՝ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Օրենքով սահմանվում է, որ գործընկեր հասարակական կազմակերպությունը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հետ առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամրագրված է խորհրդի կողմից ստորագրված համապատասխան փոխըմբռնման հուշագրով: Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, նրան տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի կարգավիճակ, և վերջինս ստանձնում է իրավասու մարմնի համար սույն օրենքով սահմանված իրավունքներ և պարտավորություններ: Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Ըստ օրենքի նախագծի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը (նույնացման հանձնաժողով) մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է: Սույն օրենքով նախատեսված համապատասխան աջակցության և պաշտպանության տրամադրման նպատակով մարդը կարող է ճանաչվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ բացառապես նույնացման հանձնաժողովի կողմից, անդամների բաց քվեարկությամբ, մեծամասնական սկզբունքով: Ձայների հավասար բաշխման դեպքում, եթե համընկել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, ապա նախապատվությունը տրվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշմանը, այլապես ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
Նախանույնացում իրականացնելու և հավանական զոհերին նույնացման ներկայացնելու համար իրավասու մարմիններն են՝ գործընկեր հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ստանում են ինքնուրույն իրականացրած աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից, անհատ քաղաքացիներից հնարավոր ցանկացած եղանակով՝ գրավոր, էլեկտրոնային նամակագրության, «թեժ գծերի» միջոցով եւ այլն:
Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակություն նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, խրախուսվում են սեղմ ժամկետում իրավասու որեւէ մարմնի տեղյակ պահել իրենց հայտնի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաեւ նրանց առնչվող հանցագործության դեպքերի մասին:
Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են ոստիկանությանը: Անձը համարվում է զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ միայն այն դեպքում, եթե նա այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ: Մարդուն զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը և քրեաիրավական նորմերին համապատասխան նրան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են և որևէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք հանդիսացած տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով:
Օրենքով սահմանված են նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացմանը, նախանույնացման փուլին, նախանույնացման փուլում տեղեկությունների փոխանցմանը, նախանույնացման ժամկետներին, նույնացմանը առնչվող ընթացակարգերը:
19-րդ հոդվածով սահմանված է «Մտորման ժամկետը» հասկացությունը: Ըստ այդմ, «Մտորման ժամկետն այն ժամանակահատվածն է, որով իրավունք եւ հնարավորություն է ընձեռվում օտարերկրացի հանդիսացող հավանական զոհին, զոհին եւ հատուկ կատեգորիայի զոհին, անկախ կացության կարգավիճակի օրինականությունից մնալով Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբազատվել մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում իրականացրած անձանց ազդեցությունից, վերականգնվել պատճառված ֆիզիկական վնասվածքների հետեւանքներից, ինչպես նաեւ կայացնել սթափ եւ կշռադատված որոշումներ»: