Մանրամասներ է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում արձանագրված տուլարեմիա հիվանդության դեպքերի վերաբերյալ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերացման եւ կանխարգելման Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում արձանագրված տուլարեմիա հիվանդության դեպքերի վերաբերյալ:

Տուլարեմիան օջախային վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույցների ախտահարմամբ: Հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 2-11 օր: Հիվանդությունն սկսվում է ջերմության բարձրացումով՝ 38-40 աստիճան, զարգանում է դեմքի հիպերեմիա: Կախված փոխանցման մեխանիզմի գործոններից՝ կարող են ի հայտ գալ ավշային գեղձերի բորբոքումներ: Տուլարեմիայի դեպքում հիվանդ մարդը վարակի աղբյուր չէ, քանի որ հիվանդության հարուցիչները նրա օրգանիզմում ախտածին երեւույթներ առաջացնելուց հետո կորցնում են իրենց վիրուլենտ հատկությունները: Տուլարեմիա հիվանդության աղբյուր են համարվում 74 տեսակի կենդանիներ եւ թռչուններ: Ըստ Արտավազդ Վանյանի՝ Տավուշում, ամենայն հավանականությամբ, օդափոշային միջոցով է եղել տուլարեմիայի տարածումը: Հայտնաբերվել է տուլարեմիայով վարակված 25 հիվանդ. 24 հիվանդ ամբողջությամբ բուժվել, ապաքինվել է, 1 հիվանդ դեռեւս ստացիոնար բուժում է ստանում:

Հանձնաժողովականները ներկայացրել են իրենց մտավախությունները տուլարեմիա հիվանդության հետ կապված, սակայն Արտավազդ Վանյանը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկվում է: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ 5 հարակից՝ Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Չորաթան, Այգեձոր գյուղերի բնակիչները չվարակվելու նպատակով կպատվաստվեն:

Երկու ամսով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Մեկնաբանություններ