ՄԱԿ-ում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնաբանել են ռուսական ավտոշարասյան մուտքը Ուկրաինայի տարածք

A woman and a boy walk near trucks of a Russian convoy carrying humanitarian aid for Ukraine near a Russia-Ukraine border crossing point in Rostov RegionՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնաբանել են Ուկրաինա տարածք` Լուգանսկի մարզ, ուրբաթ օրն ուղևորված ռուսական մարդասիրական ավտոշարասյան շուրջ ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դեպի Լուգանսկ ավտոշարասյան մուտքի մասին տեղեկությունները նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «լավ նորություն» է անվանել: Մինչդեռ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլիչենկոն ռուսական բեռնատարների մուտքը Ուկրաինայի տարածք վերջինիս տարածքային ամբողջականության աղաղակող խախտում է որակել:

Մասնավորապես, Չուրկինը հայտարարել է, որ ռուսական կողմն արել է ամեն հնարավորը, որպեսզի թափանցիկություն ապահովի այդ հարցում: Նրա տեղեկացմամբ` մարդասիրական օգնության տրամադրման մտադրությունների մասին հաղորդվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որն այդ քայլը իբրև «լավ ժեստ» է գնահատել: «Երեկ և այսօր առավոտյան պարզ դարձավ, որ ուկրաինական կողմը ձգձգում է գործընթացը. նրանց սահմանապահները, որոնք պետք է ավտոշարասյանը «կանաչ լույս» ցույց տային, հայտարարել են, որ հրաման չեն ստացել մարդասիրական շարասյունը բաց թողնել Ուկրաինայի տարածք»,-նշել է ՌԴ-ի ներկայացուցիչը:

Չուրկինի խոսքով, շարասյունով մուտք գործելու որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ տեղում պահպանվում էր մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ բեռնատարներում շուտ փչացող մթերք կար` հատկապես մանկական սնունդ: «Օգոստոսի 20-ին մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և ուկրաինական կողմին տեղեկացրել ենք, որ այլևս չենք կարող սպասել: Այդ պատճառով այսօր ավտոշարասյունն ուղևորվել է Ուկրաինա»,-ասել է Չուրկինը: Նա հավելել է, որ տվյալ հարցով Ռուսաստանը բարձր մակարդակի շփումներ է պահպանում ուկրաինական կողմի հետ:

Իր հերթին, ՄԱկ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում նախազգուշացրել է, որ Ուկրաինան չի կարող երաշխավորել ռուսական մարդասիրական ավտոշարասյան տեղաշարժն այն տարածքով, որը կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո չէ: «Մենք հակամարտության մյուս կողմից ավտոշարասյան անվտանգ անցման երաշխիքների վերաբերյալ հայտարարություններ չենք լսել: Սակայն ուկրաինական կառավարությունը անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի մեր երկրի ինքնիշխանության ապահովման համար»,-հայտարարել է Պավլիչենկոն:

Վերջինս նշել է, որ ուկրաինական սահմանապահները սահմանային հսկիչ կետում բեռնատարների ստուգում են իրականացրել, սակայն ռուսական կողմը, չսպասելով ստուգումների ավարտին, միակողմանի որոշում է ընդունել ավտոշարասյան ուղևորման վերաբերյալ:

Աղբյուրը` www.un.org

Մեկնաբանություններ