ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է կալանավորված անձանց փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների և կալանավորված անձանց փոխանակումը՝ նշելով, որ դա կարևոր մարդասիրական գործողություն է, և այդ քայլը հույս է տալիս Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել պահպանել նույն տրամադրվածությունը և գործողություններ իրականացնել՝ ուղղված խաղաղության և երկարատև հրադադարի հաստատմանը, շփման գծի երկու կողմերում տեղակայված տարածքներում մարդասիրական իրավիճակի բարելավմանը և Մինսկի համաձայնագրերի իրագործմանը: Նշենք, որ կալանավորված անձանց փոխանակումը տեղի է սույն թվականի սեպտեմբերի 7-ին: ՄԱԿ-ի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են կալանավորված անձանց փոխանակման իրականացմանը, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտարարել է Գուտերրիշի մամուլի քարտուղարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Ռուսաստանին և Ուկրաինային շնորհավորել է կալանավորված անձանց փոխանակման կապակցությամբ և հույս է հայտնել, որ այն կդառնա առաջին հսկայական քայլը դեպի խաղաղություն։ Համապատասխան հաղորդագրությունը ամերիկյան առաջնորդը տեղադրել է Twitter-ի իր էջում։

«Ռուսաստանն ու Ուկրաինան հենց նոր անցկացրել են կալանավորվածների զանգվածային փոխանակում։ Շատ լավ լուրեր են, հնարավոր է՝ առաջին հսկայական քայլն է դեպի խաղաղություն։ Շնորհավորում եմ երկու երկրներին էլ»,- գրել է ԱՄՆ-ի ղեկավարը։

Նշենք, որ փոխանակումը տեղի է ունեցել 35/35 սխեմայի համաձայն: Փոխանակման արդյունքում ազատ են արձակվել 2018 թվականի նոյեմբերի 25-ին գերի ընկած ուկրաինացի 24 նավաստիներ, ինչպես նաև 11 քաղբանտարկյալներ, այդ թվում ՝ ռեժիսոր Օլեգ Սենցովը:

Մեկնաբանություններ