ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ։ 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կիսել է համանախագահների մտահոգությունները՝ վերջերս կողմերի կատարած հայտարարությունների և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անունից հանդես է եկել հայտարարությամբ վերջինիս մամուլի քարտուղարը։

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը, ինչպես նաև՝ կոչ է անում հակամարտության կողմերին վստահության ամրապնդման համար քայլեր ձեռնարկել և քաղաքական կամք դրսևորել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- նշվել է Գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ արտգործնախարարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ Նյու Յորքում կայացել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այնուհետև, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա անհապաղ սկսի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած բանաձևերի իրագործումը։ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ տնտեսության զարգացման ու պետության բարգավաճման մասին տված իր խոստումները հնարավոր չեն իրականացնել առանց խաղաղության ամրապնդման, բարիդրացիական հարաբերությունների հաստատման և իր հարևանների ինքնավարության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի դրսևորման»,- հավելել է իր ելույթի ավարտին Ադրբեջանի արտգործնախարարը։

Մեկնաբանություններ