Այս տարվա սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը։ Սեպտեմբերի 25-ին կայացել է Գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։ Ըստ ավանդույթի՝ նիստին առաջինը ելույթ է ունեցել Բրազիլիան։ Երկրորդը պետք է ելույթ ունենար ԱՄՆ-ն, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակը գտնվում է այդ երկրի տարածքում։ Բացի այդ, այս տարի ԱՄՆ-ն նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշացել է իր ելույթից, և ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահը՝ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, կարճ դադարից հետո ամբիոնի մոտ է հրավիրել Էկվադորի ղեկավարին՝ Լենին Մորենոյին։ Այնուհետև, ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ԱՄՆ նախագահի ելույթը դահլիճում դիմավորել են ծիծաղով։ Ամբիոնի մոտ բարձրանալուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը սկսել է պատմել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ում իր նախագահության ժամանակաշրջանում: Ավանդաբար, նա հայտարարել է, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո այս երկու տարիների ընթացքում ավելի մեծ բարձունքների է հասել, քան երկրի նախկին ղեկավարներն այդ նույն ժամանակահատվածում։ ԱՄՆ նախագահի խոսքերից հետո դահլիճում գտնվող բոլոր ներկաները ծիծաղել են։ «Ես նման արձագանք չէի ակնկալում, բայց դա նորմալ է»,- շփոթված շարունակել է Դոնալդ Թրամփը՝ խոսելով ԱՄՆ-ի տնտեսական աճի, գործազրկության նվազեցման և այլ հաջողությունների մասին։
Իր ելույթի ժամանակ Թրամփը խոստացել է ուժեղացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները և նշել է, որ նոր պատժամիջոցների մշակված փաթեթն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 5-ին:
Միջազգային առևտրի ներկայիս իրավիճակին անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ ոլորտում պետք է փոփոխություններ կատարվեն: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ցանկանում է «ազնիվ» տեսնել առևտրային հարաբերությունները և այդ նպատակով վերանայում է մի շարք երկրների հետ կնքված համաձայնագրերը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը քննադատել է «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» (ՕՊԵԿ) գործունեությունը։ Նրա համոզմամբ՝ այդ կազմակերպության անդամ երկրները «կողոպտում են աշխարհը», և պետությունները պետք է պայքարեն դրա դեմ։
Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ իր ձեռնարկած գործողությունների շնորհիվ ամերիկյան տնտեսությունը ներկայիս դրությամբ գտնվում է լավագույն վիճակում և գերազանց է գնահատել իր կատարած աշխատանքը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ ունենալու ժամանակ ԱՄՆ նախագահը քննադատություն է հնչեցրել Իրանի իշխանությունների հասցեին՝ մեղադրելով նրանց Միջին Արևելքում քաոս, մահ և ատելություն սերմանելու մեջ: ԱՄՆ նախագահը նաև պաշտպանել է իր վարչակազմի վարած քաղաքականությունը, որն ուղղված է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ամրապնդմանը և Չինաստանի հետ առևտրային խիստ հարաբերությունների հաստատմանը։ Սակայն Դոնալդ Թրամփն իր ելույթի ժամանակ այդպես էլ չի հիշատակել Ռուսաստանի անունը։
Իր ելույթի ավարտին ԱՄՆ նախագահն ակնարկել է, որ ԱՄՆ-ն աշխարհում սեփական քաղաքականությունը վարելու իրավունք ունի:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։