ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել են Սիրիայի իրավիճակը

609565Syria_BriefingՀոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է տեղի ունեցել Սիրիայում շարունակաբար վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական, Արտակարգ օգնության համակարգողի տեղակալ Գյուն-վա Գանը Անվտանգության խորհրդին զեկուցել է Սիրիայում ծանր հումանիտար իրավիճակի մասին՝ նշելով, որ խորացող հակամարտությունը, անապահովությունը և շտապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորության պակասը շարունակում են խոչընդոտել Միավորված ազգերի կազմակերպության ջանքերին՝ արձագանքելու ահագնացող հումանիտար իրավիճակին:

Մասնավորապես, անդրադառնալով սիրիական հակամարտությանը, ՄԱԿ-ի պաշտոնյան խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ զինված խմբավորումների կողմից իրականացվող վայրագությունների և Սիրիայի զինված ուժերի օդային ռմբակոծությունների մասին: Գյուն-վա Գանը, Ժնևից տեսակապով հանդես գալով Անվտանգության խորհրդի առջև, վերջինիս կոչ է արել դադարեցնել ողջ սիրիացի ժողովրդի դեմ իրականացվող համատարած պատիժները: 

Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնականը հայտարարել է, որ միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքում են իրենց տները: Նրա խոսքով՝ սեպտեմբերին Սիրիայում մեծաթիվ քաղաքացիական անձինք են զոհվել խիտ բնակեցված բնակավայրերի, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների խառը և անկանոն ռմբակոծությունների հետևանքով:

ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սիրիայի հակամարտության կողմերը կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը: Իսկ դա, ըստ Գյուն-վա Գանի, համընդհանուր դատապարտման պետք է ենթարկվի: Գյուն-վա Գանն առանձնահատուկ կերպով անդրադարձել է «Իսլամական պետություն» խմբավորմանը: «ԻՊ-ն և հակամարտության մյուս մյուս կողմերը անպատիժ կերպով սպանում և մահապատժի են ենթարկում մարդկանց, ավերում են գյուղերն ու քաղաքները»,-նշել է նա:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը խոսել է նաև Սիրիայի խաղաղ բնակչությանը հատկացվող հումանիտար աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրա չափերն առայժմ անբավարար են: Նա հայտարարել է, որ ամբողջական հումանիտար օգնության համար ՄԱԿ-ը 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար է խնդրել, սակայն ներկա պահին պահանջվող գումարի միայն 39%-ն է տրամադրվել, և կոչ է արել միջազգային հանրությանը՝ կրկնապատկել ջանքերն այդ ուղղությամբ: Գյուն-վա Գանն ընդգծել է նաև, որ ճգնաժամից կարելի է ելք գտնել միայն քաղաքական ճանապարհով:

Մեկնաբանություններ