30.05.2014-ՄԱԿ-ի մի շարք անկախ փորձագետներ կարծում են, որ «սիրիական գործը» Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հանձնելու` Անվտանգության խորհրդի (ԱԽ) անընդունակությունը միայն նպաստում է Սիրիայում մարդու իրավունքների դեմ նոր հանցանքների ավելացմանը:
Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո էին կիրառել այն նախագծի դեմ, որով նախատեսվում էր «սիրիական գործը» հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քննությանը:
ՄԱԿ-ի` թվով 8 փորձագետները մարդու իրավունքների տարբեր կողմերին վերաբերող հատուկ հայտարարության մեջ ընդգծել են, որ Սիրիայում ազգային մակարդակով որևէ հետաքննության բացակայության պայմաններում «սիրիական գործի» հանձնումը ՄՔԴ-ին ԱԽ-ի պարտականությունն է: ՄԱԿ-ի փորձագետների հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Չնայած ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների բազմաթիվ կոչերին` պատասխանատվության ենթարկելու Սիրիայում կատարվող հանցագործությունների մեղավորներին, անցյալ շաբաթ Մշտական անդամներից երկուսի` Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի հետևանքով Անվտանգության խորհուրդը չկարողացավ Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցը ՄՔԴ-ի քննությանը փոխանցելու որոշումն արտոնող բանաձև ընդունել: Կրկնակի վետոն, որը թույլ չտվեց ընդունել բանաձևը…կարող է Սիրիայի բնակչության իրավունքների հետագա լրջագույն խախտումների հանգեցնել: Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անընդունակությունը կարող է հանգեցնել նոր չարագործությունների»:
Փորձագետներն ընդգծել են, որ բանաձևի ընդունումը կարող էր կարևոր քայլ հանդիսանալ սիրիական բնակչության պաշտպանության հարցում, ինչպես նաև կնպաստեր վերջ տալու նրանց անպատժելիությանը, ովքեր մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տալիս: Այդ խախտումներից մի քանիսը կարելի է որակել իբրև մարդկության դեմ գործված հանցանքներ:
Ավելացնենք, որ հատուկ անկախ փորձագետները նշանակվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (նստավայրը` Ժնև) կողմից` առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի քննության համար: Փորձագետների գործունեությունը անկախ բնույթ է կրում, նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և այդ աշխատանքի համար չեն վարձատրվում: