ՄԱԿ-ը Ֆրանսիայից պահանջում է  վերացնել մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը

Այս տարվա հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է, որ կանանց դեմքն ամբողջովին ծածկող մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Այդ պատճառով միջազգային մարմինը կոչ է արել Ֆրանսիային վերանայել մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքի վերաբերյալ օրենսդրությունը:

ՄԱԿ-ում կարծում են, որ Ֆրանսիայում մուսուլմանական գլխաշոր կրելու մասին սահմանված արգելքը չի ապահովում հասարակության անվտանգությունը և մշակույթային արժեքների պաշտպանությունը: Ուստի՝ այդ արգելքը խախտում է մուսուլմանների իրավունքները:

ՄԱԿ-ի որոշմամբ՝ 180 օրվա ընթացքում Փարիզը պետք է զեկույց ներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին՝ Ֆրանսիայում մուսուլմանական գլխաշոր կրելու մասին սահմանված արգելքը վերացնելու և կոմիտեի ներկայացրած պահանջները կատարելու վերաբերյալ:

2010 թվականին Ֆրանսիայում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ արգելվել է անձի դեմքը թաքցնող որևէ հագուստ կամ պարագա կրել Ֆրանսիայում: 2012 թվականին երկու ֆրանսիացի կանայք դատապարտվել են վերոնշյալ օրենքը խախտելու համար: Մարդու իրավունքների կոմիտեն դիմել է Ֆրանսիային այդ երկու կանանց ներկայացրած բողոքների քննությունից հետո: Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է, որ Փարիզը պարտավոր է այդ կանանց պատճառված վնասի համար փոխհատուցում հատկացնել: ՄԱԿ-ում վստահ են, որ մուսուլմանական հագուստ կրելու արգելքը խախտում է մուսուլմանների իրավունքները և հանգեցնում է երկրում սոցիալական խնդիրների առաջացմանը:

Նշենք՝ Մարդու իրավունքների կոմիտեի կայացրած որոշումները կրում են խորհրդատվական բնույթ, սակայն ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հատուկ արձանագրությունը պարտավորեցնում է Փարիզին բարեխիղճ վերաբերմունք դրսևորել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի ներկայացրած պահանջների նկատմամբ:

Մեկնաբանություններ