ՄԱԿ-ը նշում է Քաղաքների համաշխարհային օրը

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հոկտեմբերի 31-ը հռչակել է Քաղաքների համաշխարհային օր։ Այս օրը նպատակ ունի բարձրացնելու գլոբալ ուրբանացման նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունը, խթանելու երկրների՝ միմյանց հետ համագործակցությունը, որպեսզի վերջիններս օգտվեն առկա հնարավորություններից և դիմակայեն ուրբանացման մարտահրավերներին, ինչպես նաև՝ նպաստեն աշխարհում քաղաքային կայուն զարգացմանը։

Պլանավորված ուրբանիզացիան նպաստում է քաղաքներում աշխատատեղերի ստեղծմանը, քաղաքների զարգացմանը և հարստացմանը, ինչպես նաև՝ նպաստում է բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների, մշակույթների, էթնիկ խմբերի և կրոնների միջև սոցիալական համախմբանը: Համատեղ բնակվելու համար նախատեսված քաղաքները լայն հնարավորություններ են ընձեռում, հաղորդակցման և փոխգործակցության համար պայմաններ են ստեղծում և նպաստում են ընդհանուր ռեսուրսների կայուն օգտագործմանը:

Այս տարի օրվա խորհուրդն է՝ «Ավելի լավ քաղաք` ավելի լավ կյանք» կարգախոսը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել քաղաքաշինության ոլորտում հաջողությունների և առկա խնդիրների վրա:

Էկոլոգիական և կայուն քաղաքների կառուցումը կօգնի մարդկային բնակավայրերին դիմակայել բնական աղետներին, պաշտպանել քաղաքացիներին և սահմանափակել հասարակական և մասնավոր ակտիվների վրա տարածվող բացասական ազդեցությունը: Քաղաքների համաշխարհային օրվան նվիրված հիմնական տոնակատարությունը տեղի կունենա Լիվերպուլում:

Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինիս խոսքերով՝ քաղաքները պետք է պաշտպանված լինեն ճգնաժամից և աղետներից: ՄԱԿ-ում կարծում են, որ քաղաքները կարող են մշակույթի և նորարարության, տնտեսական և սոցիալական հնարավորությունների կենտրոններ լինել, սակայն կարող են նաև շրջակա միջավայրի աղտոտման և աղքատության ու բռնության օջախ դառնալ: Ուրբանացման ներկայիս տեմպերով մեր ապագան կախված է նրանից, թե ինչ ճանապարհով տեղի կունենա քաղաքների զարգացումը:

Այսօր ամբողջ աշխարհում 7 միլիարդ բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում: ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումներով՝ 2030 թվականին աշխարհի բնակչության 5 միլիարդը քաղաքներում կապրի: Հետևաբար՝ շատ կարևոր է, որ քաղաքներն անվտանգ և հարմարավետ բնակության վայրեր դառնան: Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ամեն շաբաթ աշխարհում 1.4 միլիոն մարդ է տեղափոխվում քաղաքներ՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով:

«Ուրբանացման նման արագ տեմպերը կարող են հանգեցնել բնական աղետների, կործանիչ հետևանքների և տեղական ենթակառուցվածքների ճգնաժամի»,- զգուշացրել է իր ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը և կոչ է արել պաշտպանել քաղաքները փոթորիկներից, ջրհեղեղներից, երկրաշարժերից, հրդեհներից և տնտեսական ճգնաժամերից: Նա նաև մի քանի օրինակ է ներկայացրել այն գործողությունների մասին, որոնք արդեն իրականացվել են այդ ոլորտում: Իր ելույթի ավարտին Գլխավոր քարտուղարը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ աշխարհի բոլոր բնակիչների համար, առանց բացառության, քաղաքներում անվտանգ, մաքուր և հարմարավետ պայմաններ ապահովելու համար:

Մեկնաբանություններ