Մարդկանց բռնությամբ անհետացումն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է դարձել։ Եթե նախկինում այս խնդիրն առկա էր մի քանի տարածաշրջաններում, ապա հիմա այն տարածվել է ամբողջ աշխարհում: Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնականում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետացումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրն ընդգծում է այս երևույթի առաջացրած վտանգվածությունն աշխարհում, և դրա ազդեցությունը ոչ միայն անհետացածների հարազատների, այլև նրանց համայնքների և ամբողջ հասարակության վրա: 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է օգոստոսի 30-ը՝ Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օր։
ՄԱԿ-ում կարծում են, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել բնակչության առավել խոցելի խավի ներկայացուցիչների անվտանգության և պաշտպանության վրա, մասնավորապես՝ երեխաների և սահմանափակ կարողություններով անձանց։ Առավել հայտնի են այնպիսի դեպքեր, երբ շարունակական ոտնձգությունների են ենթարկվում մարդու իրավունքների պաշտպանները, տուժողների հարազատները և բռնությամբ անհետացած անձանց գործերին ներգրավված փաստաբաններն ու վկաները։ Ցավոք, բռնությամբ անհետացման դեպքերը դեռևս լավ չեն քննվում և չեն պատժվում։
ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր անդամ պետություններին ամրապնդել մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ուղղված օրենքները և աջակցել Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային: Հաշվի առնելով ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակներում պետությունների` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքին և պահպանմանն աջակցելու պարտավորությունը` մի շարք պետություններ վավերացրել են Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 2011թվականի փետրվարի 23-ին։