ՄԱԿ-ը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել

prisonՄիավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել: Նման դիմումի առիթ է հանդիսացել Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ հրապարակված նոր զեկույցը, որում հաղորդվում է այդ երկրում մահապատիժների թվի շեշտակի աճի մասին՝ քրեական արդարադատության անկատար համակարգի պարագային:

Մասնավորապես, զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ Իրաքում հաճախ են զանգվածաբար մահապատիժներ իրականացվում: Օրինակ, անցյալ տարի մեկ օրում մահապատժի են ենթարկել 34 դատապարտյալի: 

Իրաքում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Նիկոլայ Մլադենովը և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը իրաքյան իշխանություններին կոչ են արել մահապատիժների իրականացման մորատորիում հայտարարել՝ որպես առավելագույն պատժաչափի լիակատար վերացման առաջին քայլ:

Իրաքում մահապատիժների իրականացման մորատորիումը չեղյալ է համարվել 2005 թվականին: 2009 թ. երկրում մահապատժի է ենթարկվել 124 մարդ, իսկ ահա 2013-ին՝ 177 հոգի: Ըստ զեկույցի տվյալների՝ իրաքյան բանտերում այժմ մահապատժի դատապարտված 1724 մարդ կա: Փաստաթղթում նշվում է, որ մեծ թվով մահապատժի դատավճիռներ են ընդունվել կասկածելի ապացույցների հիման վրա:

Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը բազմիցս անհանգստություն են հայտնել Իրաքի դատական համակարգի թերությունների առնչությամբ: Ըստ հրապարակված զեկույցների՝ քրեական գործերով նախաքննությունների և դատավարությունների ընթացքում, որոնց արդյունքում կայացվել են մահապատժի դատավճիռներ, հաճախ չեն պահպանվել համապատասխան սահմանադրական երաշիքները և արդար դատաքննության չափանիշները:

Աղբյուրը՝ www.un.org

 

Մեկնաբանություններ