ՄԱԿ-ը կոչ է անում ամրապնդել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությունը

Վերջին տարիներին տարբեր երկրներում լայն տարածում են գտել այնպիսի դեպքեր, երբ հիվանդանոցների և դպրոցների կառուցման, բարելավման և զարգացման համար նախատեսված միջոցները հայտնվում են կոռումպացված պաշտոնյաների գրպաններում և հաշիվներում։ 15 տարի առաջ ՄԱԿ-ի անդամ պետությունները ստորագրել են նոր կոնվենցիա և խոստացել են համատեղ ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ վերադարձնել կոռումպացված պաշտոնյաների և իշխանությունների կողմից յուրացված գումարները։

Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպումը նվիրված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 15-ամյակին։

«Կոռուպցիան բացասական լուրջ հետևանքներ է առաջացնում ինչպես զարգացած, այնպես էլ՝ զարգացող երկրների վրա: Այն կաթվածահար է անում երկրների տնտեսությունը, խոչընդոտում է ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը և նվազեցնում է երկրի ներդրումային գրավչությունը»,- հայտարարել է հանդիպման մասնակիցներին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրիշը։ Նա նաև հավելել է, որ ոչ մի հասարակություն չի կարող արդար և արդյունավետ գործունեություն ծավալել այնպիսի պայմաններում, երբ քաղաքացիական ծառայողները, ներառյալ՝ բժիշկները, ոստիկանները, դատավորները և քաղաքական գործիչները, ապօրինի գործունեություն են ծավալում՝ իրենց աշխատանքային գործառույթներն իրականացնելու փոխարեն:

«Կոռուպցիան կլանում է դպրոցների, հիվանդանոցների, ենթակառուցվածքների բարելավման և զարգացման, ինչպես նաև՝ ժողովրդի սպասարկման այլ կարևոր ոլորտների համար նախատեսված միջոցները», – ընդգծել է իր ելույթի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձը։ Նա իր անհանգստությունն է հայտնել այն կապակցությամբ, որ կոռուպցիան հանգեցնում է կաշառակեր անձանց կողմից իրականացվող մարդկանց թրաֆիքինգի, մաքսանենգության դեպքերի, փողերի լվացման, անօրինական ֆինանսական հոսքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ընդլայնմանը։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձի համոզմամբ՝  կաշառակերներն իրականացնում են նաև բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը, զենքի անօրինական մատակարարումը և մշակութային արժեքների ապօրինի ներմուծման և արտահանման գործընթացները։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանի նախագահը կոչ են անում խստորեն հետևել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարմանը։ Այս միջազգային պայմանագիրը նախատեսում է միջոցներ ձեռնարկել՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռումպացված անձանց պատժելու և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմներ ստեղծելու համար: Կոնվենցիայի համաձայն՝ մասնակից երկրները պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի գործող պաշտոնյաները գործունեություն ծավալեն բացառապես օրենքի սահմաններում:

Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի հովանու ներքո, կայացել է նաև մեկ այլ հանդիպում՝ գողացած և երկրներից դուրս տարված ակտիվների վերաբերյալ: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը ողջունել է ՄԱԿ-ի անդամ պետությունների համագործակցությունը՝ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտում: Նա հայտնել է, որ 2017 թվականին Շվեյցարիան  3․5 մլն եվրո թալանված գումար է վերադարձրել Թունիս։ Նույն տարվա դեկտեմբերին Շվեյցարիան Նիգերիայի կառավարության հետ համաձայնագիր է կնքել՝ Նիգերիայի բնակիչներից 321 մլն դոլար թալանված գումարը վերադարձնելու վերաբերյալ։

«Այս երկու երկրների օրինակները կոռուպցիայի պատճառով ֆինանսական կորուստներ կրած երկրների չնչին տոկոսն են կազմում։ Կոռուպցիայի հետևանքով պետությունների կորցրած ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել՝ ճանապարհներ, ուսումնական և բժշկական հաստատություններ կառուցելու և այդ պետություններում բարեփոխումներ իրականացնելու նպատակով», – նշել է Յուրի Ֆեդոտովը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում աշխատանքներ են տարվել, որոնց արդյունքում մեծ նվաճումներ են գրանցվել, ուստի՝ շատ կարևոր է զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությունը։ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենը շեշտել է, որ ՄԱԿ-ի գլխավոր նպատակն է՝ մինչև 2030 թվականը նոր փուլ տեղափոխել կոռուպցիայի, կաշառակերության և փողերի լվացման դեմ պայքարը։

Հիշեցնենք, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ներկայումս կոնվենցիային անդամակցում է 184 անդամ պետություն, այդ թվում՝ նաև Հայաստանը։

Մեկնաբանություններ