Գործը վերաբերում է դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի նախագահական ներմանը և ազատ արձակմանը՝ պատժի մնացած մասը կրելու համար Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումից հետո: Սույն գործով Դիմումատուներն են ազգությամբ հայ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը, ովքեր ծնվել են համապատասխանաբար 1975 և 1958 թվականներին։ Սամվել Մինասյանն արդեն մահացել է, նրա այրին և երկու երեխաներն են շարունակել մասնակցել գործի քննությանը:
2004 թվականին Դիմումատու Մակուչյանը և Սամվել Մինասյանի եղբորորդին՝ Գուրգեն Մարգարյանը, որպես հայկական զինված ուժերի սպա, մասնակցել են Բուդապեշտում անցկացվող անգլերենի դասընթացին, որը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Դասընթացին մասնակցել են նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր պետությունից երկու մասնակից, այդ թվում՝ Ադրբեջանից։
Դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայողներից Ռամիլ Սաֆարովը գաղտնի ներխուժել է Սամվել Մինասյանի եղբորորդու սենյակ, մինչ նա քնած է եղել, և կացնով գլխատել է նրան: Սաֆարովը փորձել է նաև ներխուժել Մակուչյանի սենյակ, բայց Հունգարիայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան: Ռամիլ Սաֆարովը առանձնապես դաժան և կանխամտածված սպանության և սպանության նախապատրաստման համար դատապարտվել է Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ: Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը բազմիցս նշել է, որ չի զղջում կատարած հանցանքի համար՝ խոստովանելով, որ սպանել է Մինասյանի եղբորորդուն հայկական ծագման պատճառով:
2012 թվականին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով, Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին՝ պատժի մնացած մասը կրելու համար (քրեական գործերով վարույթների և դատապարտված անձանց փոխանցելու մասին ԵԽ կոնվենցիայի համաձայն): Սակայն, Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովն արժանացել է նախագահական ներման և ազատ է արձակվել։ Նա նաև հանդիսական արարողության ժամանակ մայորի կոչում է ստացել, ինչպես նաև բնակարան և մեծ գումարի չափով պարգևավճար:
Դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) էական և դատավարական խախտումների համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից: Ավելին, նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է պատժի լրիվ կատարումը: Դիմումատուները բողոքել են, որ Հունգարիան նույնպես խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը և դատապարտված անձին փոխանցելու մասին ԵԽ կոնվենցիայի դրույթները՝ բավարարելով և իրականացնելով սպայի արտահանձնման Ադրբեջանի հայցը՝ առանց համապատասխան պատշաճ երաշխիքներ ձեռք բերելու, որ նա ամբողջությամբ կկրի պատիժը Ադրբեջանում:
Հիմք ընդունելով նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)՝ Դիմումատուները պնդել են, որ ադրբեջանցի սպայի կողմից հարձակումը էթնիկ դրդապատճառ ունեցող և ատելության հողի վրա կատարված հանցագործություն է, որը Ադրբեջանի կառավարությունն ընդունել է՝ սպային նախագահական ներում շնորհելով, կոչումը բարձրացնելով և խրախուսելով: Դիմումատուները բողոքել են նաև, որ երկու Կառավարությունները չեն տրամադրել Ստրասբուրգի դատարանում ընթացող դատավարության ժամանակ իրենց պահանջած փաստաթղթերը՝ խախտելով 38-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի և իրականացնում է հետաքննություն, ապա դրա արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետությունները պետք է ապահովեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Դիմումատուները պահանջել են նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցնի կառավարություններին հետ հանձնել Սաֆարովին Հունգարիային կամ պարտադրի վերջինիս կրել պատժի մնացած մասը Ադրբեջանում:
Դատարանը նշել է, որ խտրականությունը, մասնավորապես, անձի էթնիկ ծագման պատճառով, ռասայական խտրականության ձև է, որը առանձնապես վիրավորական է։ Ելնելով դրա վտանգավոր հետևանքներից՝ իշխանություններից պահանջվում է հատուկ զգոնություն և հետևողականություն: Այդ պատճառով իշխանությունները պետք է օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները ռասիզմի դեմ պայքարելու համար՝ դրանով իսկ ամրապնդելով հասարակության այնպիսի ժողովրդավարական տեսլականը, որում բազմազանությունը ընկալվում է ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հարստացման աղբյուր։ Դատարանը նաև որոշել է, որ մարդու էթնիկական ծագման վրա հիմնված ոչ մի տարբերակում չի կարող օբյեկտիվորեն արդարացվել ժամանակակից ժողովրդավարական հասարակության մեջ, որը հիմնված է բազմակարծության և տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքի վրա։
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում և 14-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պետք է երկու Դիմումատուներին միասին վճարի 15,143.33 եվրո՝ դատական ծախսերի համար։
Դատարանը նկատել է, որ Հունգարիայի դատարանները դատապարտել են Սաֆարովին առանձնապես դաժան սպանություն կատարելու համար։ Գործն ամբողջությամբ հետաքննվել է Հունգարիայի դատարանների կողմից։ Ուստի, Դատարանը Հունգարիայի մասով խախտում արձանագրելու հիմք չի գտել: ՄԻԵԴ-ը վճռել է նաև, որ պատասխանող Կառավարությունների կողմից չի խախտվել Կոնվենցիայի 38-րդ հոդվածը։