Ձերբակալվել են արդարադատության գնդապետը և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչը. մեղադրվում են կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դեպքեր:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք անձինք իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով անձամբ, ինչպես նաև միջնորդ անձի միջոցով, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին տվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է մի շարք զորակոչիկների` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն կամ տարկետումներ տրամադրելուն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: Եվս մեկ անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով:

Վերը նշված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ