Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցը կարող է քննվել Միջազգային քրեական դատարանում

dprkchildrenՄիավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 18-ին բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին առաջարկվում է դիտարկել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակը Միջազգային քրեական դատարանի քննությանը փոխանցելու, ինչպես նաև մարդկության դեմ հանցանք գործածների դեմ պատժամիջոցների կիրառման հարցերը:

ԿԺԴՀ -ին առնչվող բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, դեմ՝ 20, ևս 53-ը ձեռնպահ են եղել: Դեմ քվեարկած երկրների շարքում են Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանը, Բելառուսը:

Ընդունված փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Գլխավոր ասամբլեան դատապարտում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների՝ երկարատև շարունակվող պարբերական, համատարած և լուրջ խախտումները»:

Բանաձևում վկայակոչվում է 2013 թ. մարտին ստեղծված՝ ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հետաքննության ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի՝ « ձեռք բերված վկայությունները և ստացված տեղեկությունները արժանահավատ հիմքեր են տալիս կարծելու, որ ԿԺԴՀ-ում մարդկության դեմ հանցանքներ են գործվում՝ բարձրագույն պետական մակարդակով տասնամյակներ շարունակ իրականացվող քաղաքականության շրջանակներում»:

«Գլխավոր ասամբլեան վճռում է Հանձնաժողովի զեկույցը ներկայացնել Անվտանգության խորհրդի քննությանը և առաջարկում է Խորհրդին՝ դիտարկել Հանձնաժողովի համապատասխան եզրակացություններն ու առաջարկությունները և անհրաժեշտ միջոցներ կիրառել, այդ թվում՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակը Միջազգային քրեական դատարանի քննությանը փոխանցելու հարցը դիտարկելու միջոցով, և քննարկել արդյունավետ ու նպատակամետ պատժամիջոցներ կիրառելու հարցը նրանց նկատմամբ, ովքեր առավելագույն պատասխանտավություն են կրում այն գործողությունների համար, որոնք կարող են համարվել որպես մարդկության դեմ հանցանքներ»,-ասված է Գլխավոր ասամբլեայի բանաձևում:

Մեկնաբանություններ