ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու առանձնահատկությունների վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՇԴ3/0193/02/11  քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրեց․

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու առանձնահատկություններին:

Այն դեպքում, երբ դատարանը վճռում թույլ է տվել որոշակի վրիպակ, ապա մինչև վճռի կատարումն իրավասու է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձանց դիմումով ուղղել այն։ Վրիպակները վճիռը շարադրելիս դատարանի կողմից թույլ տրված բառերի, անունների, անվանումների, ամսաթվերի, վճռի գործողության և կատարման համար նշանակություն ունեցող այլ տեղեկությունների վերաբերյալ տեղ գտած սխալագրություններն են: Ընդորում, վրիպակի ուղղումը թույլատրելի է, եթե գործում առկա նյութերը ստուգելիս ակնհայտ է դառնում, որ տվյալ անճշտությունը պատահական սխալի, անուշադրության հետևանք է: Անկախ նրանից, թե վճռի որ մասում է հայտնաբերվել նման թերությունը, այն ենթակա է վերացման՝ պայմանով, որ դրա արդյունքում վճռի էությունը և բովանդակությունը չի փոխվում: Հետևաբար դատարանի կողմից վճռի վրիպակն ուղղելու մասին որոշում կայացնելու արդյունքում չպետք է փոփոխություն կամ լրացում կատարվի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներում, գնահատված ապացույցներում, օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի կիրառման կամ չկիրառման վերաբերյալ դատարանի եզրահանգումներում, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ կատարված եզրահանգումներում:

Այսպիսով՝ վճռում տեղ գտած վրիպակն ուղղելու կառուցակարգը վճռի թերությունների վերացման այն դատավարական միջոցներից է, որն ուղղված է շտկելու վճռում առկա անճշտությունները՝ համապատասխանեցնելով վճռի եզրափակիչ մասը վճռի ամբողջական բովանդակությանը՝ միաժամանակ նախադրյալներ ապահովելով դրա կատարման համար:

Մեկնաբանություններ