ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ:

Խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուաի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ են փոխանակվել ՄԱԿ-ի հովանու ներքո ՀՀ կողմից այլ ձևաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հնարավորությունների ու հզորությունների գնահատման հեռանկարների վերաբերյալ։

Մեկ այլ հանդիպում է տեղի ունեցել  ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի Ռազմական հարցերի գրասենյակի ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Կառլոս Լոտեի հետ։ Վերջինս իր գոհունակությունն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և դրանց շրջանակում իրականցվող խաղաղապահ առաքելությունների որակի և բովանդակության առումով։ Քննարկվել են նաև Ռազմական հարցերի գրասենյակում ՀՀ ԶՈՒ ներկայացվածության հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությունների կազմակերպման իրավական գործընթացի քննարկմանը։ Հանդիպման հիմնական թեմաներն են եղել մասնակից պետություններում խաղաղապահ առաքելությունների  ներպետական օրենսդրական կարգավորումների կանոնակարգումն ու հստակեցումը, խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ առկա օրենսդրական խնդիրների վերհանումն ու լուծման ուղենիշների ամրագրումը, ինչպես նաև առաքելություններում ընդգրկված անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացումն ու վարժանքների բովանդակության օրենսդրական հստակեցումը։

Գաբրիել Բալայանը Նյու Յորքում հանդիպել է նաև ՄԱԿ-ի Խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի ոստիկանության ստորաբաժանման հավաքագրման և ընտրության բաժնի ղեկավար Աթա Յենիգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններում ոստիկանության ստորաբաժանումներին օժանդակելու գործողություններին ՀՀ  մասնակցության հնարավորության հարցեր։

Մեկնաբանություններ