Legalinfo.am զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր Գևորգ Տումանովի հետ։
– Այսօր անընդհատ լսում ենք ներդրումների ծավալի մեծացման, արտասահմանից ներդրումների ներգրավման մասին։ Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը նշված բնագավառում, կա՞ ինչ-որ կենտրոն կամ մարմին, որտեղ պոտենցիալ ներդրողը կարող է ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխաները:
-Ներդրումների աջակցման, ուղղորդման, խթանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել էր Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի որոշմամբ Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալությունը վերակազմակերպվեց «Զարգացման հայկական գործակալության»։ Սույն գործակալության գործունեության ուղղություններն էին՝ հայ բիզնեսի մրցունակությանը նպաստող և այն ապահովող միջավայրի ձևավորմանն ու զարգացմանն, ներդրումային և արտահանման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն օժանդակելը: ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որը հետապնդում էր տնտեսական, ծրագրերի կազմման և կառավարման նպատակներ։ Հիմնադրամի գործունեության առարկան էր՝ տնտեսական բարեկարգումներին աջակցելը, կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը և այլն։ Այսինքն, պետության կողմից հիմնադրված երկու մարմին միաժամանակ գործունեությունն էր ծավալում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։
Նշված երկու մարմինները ՀՀ կառավարության 2014 թվականին որոշմամբ միավորվեցին և ստեղծվեց Հայաստանի զարգացման հիմնադրամը, հետագայում վերանվանվեց «Բիզնես Արմենիա», իսկ 2018 թվականին հիմնադրամը լուծարվեց։ 2019 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի նպատակն է ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով նպաստել ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծմանը և կատարելագործմանը: Այսինքն՝ յուրաքանչյուր կառավարություն ստեղծում է նոր մարմին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։
-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «մեկ կանգառի կենտրոնը»:
-Մոտեցումը նույնն է, ինչ «մեկ պատուհանի» սկզբունքի դեպքում։ «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցումը նորություն չի Հանրապետությունում։ Մենք գիտենք, որ այդ սկզբունքի կիրառման միջոցով պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում առևտրային կազմակերպությունները իրավասություն ստացան իրականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործառույթներ։ «Մեկ պատուհան» սկզբունքը նպաստում է ծառայությունների մատուցման ժամկետների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ սկզբունքի կիրառումը ներդրումների բնագավառում։
-Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների թիվը կազմել է 3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2018 հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետություն ուղղակի ներդրումների թիվը կազմել է 40 մլրդ ՀՀ դրամ։ Թեև էլեկտրոնային կառավարման ոլորտում արձանագրվել են էական ձեռքբերումներ, սակայն ուղղակի ներդրումները էականորեն նվազել են, ինչը վկայում է այն մասին, որ ներդրումների խթանումը և օժանդակումը ապահովելու համար դեռևս բավականին լայնածավալ աշխատանքներ պետք է տարվեն։
Ներդրողներին «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով պետական ծառայություններ չեն մատուցվում։ Պետական տարբեր մարմինների կողմից ծառայությունները մատուցվում են ինչպես առցանց e-cadastre, e-register, այնպես էլ սպասարկման գրասենյակների կողմից։ Յուրաքանչյուր դեպքում ներդրողի համար առաջանում են բարդություններ։
Մի շարք ծառայություններից օգտվելու համար ներդրողը հարկադրված այցելում է մի քանի պետական մարմիններ, մասնավորապես՝ իրավաբանական անձանց պետական գրանցման համար այցելում է գործակալություն կամ պետության կողմից լիազորված կազմակերպություն, սեփականության իրավունքի պետական գրանցման համար՝ անշարժ գույքի կադաստրի կոմիտե կամ կազմակերպություն, լիցենզավորման համար՝ իրավասու պետական մարմին։
-Կա՞ արդյոք միջազգային հաջողված պրակտիկա, որը կարող է օգտակար լինել մեզ համար։
Այո, իհարկե։ «Մեկ կանգառի կենտրոնը» նորություն չէ ներդրումների ոլորտում։ Մի շարք զարգացող երկրներում հիմնվում են ներդրումների խթանման և զարգացման կենտրոններ, որոնք «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով մատուցում են ներդրման և հետներդրման հետ կապված ծառայություններ։ Այսպես, օրինակ՝ 2009 թվականին Թայլանդում հիմնադրվել է «մեկ մեկնարկ մեկ կանգառ» Ներդրումների կենտրոնը։ Կենտրոնը առաջին տարիներին մատուցում էր միայն իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավունքների գրանցման ծառայություններ և տրամադրում էր խորհրդատվություններ։ Հետագայում կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը ընդլայնվել է և մատուցում է ներդրողներին ուղղված պետական բոլոր մարմինների ծառայությունները։ Ավելին, Թայլանդի ողջ տարածքում ստեղծվել են նշված կենտրոնի սպասարկման գրասենյակներ։ Ներդրումների խթանման և օժանդակման կենտրոններ ստեղծվել են Եգպիտոսում, Ղազախստանում, Հարավային Աֆրիկայում, Լիբանանում և այլ երկրներում:
-Ինչպե՞ս եք տեսնում «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքի ներդրումը Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում է գտնվում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն նախագծի պետություն-մասնավոր գործընկերության նպատակներից է՝ մասնավոր հատվածի փորձից, ռեսուրսներից, տեխնոլոգիաներից, արդյունավետությունից և նորարարության հետ կապված կարողություններից բխող օգուտների ստացում։ Ըստ էության՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում պետությունը կպատվիրակի իր լիազորությունները մասնավոր հատվածին «մեկ կանգառի կենտրոն»սկզբունքի ներդրման ուղղությամբ։