ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք ՊՈԱԿ-ներ լուծարվել և միավորվել են

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ՝ դառնալով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղ: Նույն որոշմամբ լուծարվում է նաև «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը կﬕանա «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշել է, որ կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում պետական բյուջեում տարեկան կտնտեսվի 56.3 մլն դրամ: Մասնավորապես՝ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17 հաստիքային միավորներից կկրճատվի 5 հաստիքային միավոր և պահպանման ծախսերով նախատեսված 29,9 մլն դրամից կտնտեսվի 7,9 մլն դրամ, իսկ մնացած 12 հաստիքային միավորը և պահպանման ծախսերի համար նախատեսված 22.0 մլն ՀՀ դրամը կուղղվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին»:

«Հանգրվան» ՊՈԱԿ-ի 33 հաստիքային միավորներից կկրճատվեն 19 հաստիքային միավորները և պահպանման ծախսերով նախատեսված 49.7 մլն դրամից կտնտեսվի 29.8 մլն դրամ, իսկ մնացած 14 հաստիքային միավորները և պահպանման ծախսերի համար նախատեսված 19.9 մլն դրամը կուղղվի «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին /հաշվարկները կցվում են/: «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կկրճատվի 11 հաստիքային միավոր և կտնտեսվի 18.6 մլն դրամ:

Մեկնաբանություններ