Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ գործադիրը սահմանել է հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները: Ըստ այդմ, կկարգավորվի դատապարտյալների` հանրային աշխատանքներին ներգրավման գործընթացը, գործընթացի կազմակերպմանը մասնակցելու իրավասու մարմնին(երին) և անձանց, ներգրավման կարգը և ժամկետները ու հանրային աշխատանքների ներգրավման հետ կապված այլ հարաբերությունները: Որոշմամբ կարգավորվում է նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմին դատապարտյալների ներկայանալու կարգը և ժամկետները, հանրային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատավայրերի ապահովման նպատակով համագործակցությունը համապատասխան մարմինների հետ, հանրային աշխատանքների վայրերի և բնույթի ընտրության, դատապարտյալի կողմից` պատժի կրման մասին տեղեկատվության կան պարզաբանման ստացման նպատակով պրոբացիայի ծառայողի այցերը համապատասխան աշխատավայր և այլն:
Կառավարությունը հաստատել է նաև 2017թ. ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3–ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը: Որոշմամբ գործադիրը թույլատրել է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը բացել արտաբյուջետային հաշիվ՝ լրացուցիչ շահույթն այդ հաշվին վճարելու նպատակով: