ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը ստանձնել է լիազորությունները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ (…) Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձնման կապակցությամբ և ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեծածավալ աշխատանք կատարելու խնդիր ունի, սակայն դանդաղելու ժամանակ չունի:

Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, որից հետո Խորհուրդն անցել է աշխատանքային ռեժիմի և ընդունել որոշումներ, մասնավորապես՝ Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը:

Բարձրագույն դատական խորհրդի և Խորհրդի նախագահի կողմից հաստատվել են նաև այլ փաստաթղթեր, քննարկվել են մի շարք աշխատանքային և կազմակերպչական բնույթի հարցեր:

Մեկնաբանություններ