ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբային:
Նախարար Հարությունյանը ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցչին, բարձր գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և միջազգային կառույցի համագործակցությունն ու առավել արդյունավետ և հասարակության համար տեսանելի արդյունք ապահովող ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:
Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության գնահատման համար արդյունավետ գործիք ներդնելու հարցին, ինչպես նաև այլընտրանքային պատիժների համակարգի ներդրմանն ու ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը: