Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Նշենք, որ դատարանը մտավ ապացույցների հետազոտության փուլ:
Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին դեպքի օրը Շենգավիթի դատարանի շենքի 8 տեսախցիկների պատկերները:
Տեսանյութում պատկերված անձը մոտք ու ելք է գործել դատարան: Տեսախցիկները ֆիքսել էին սև տաբատով և սև վերնաշապիկով դատարանի շենք մուտք գործող և 2-րդ հարկ բարձրացող կնոջը, ով մուտք է գործել դատավոր Իշխան Բարսեղյանի աշխատասենյակ:
Մեղադրող Բիշարյանը պարզաբանեց, որ տեսախցիկները ֆիքսել են դատավոր Իշխան Բարսեղյանի աշխատասենյակից դուրս եկող մոխրագույն տաբատով, սպիտակ կոշիկներով և դեղնավուն մայկայով աղջիկ. «Այդ պահին տեսանելի է, որ աղջկա ձեռքին կան ինչ-որ թղթապանակներ: Դրանից հետո՝ մենք տեսնում ենք, որ վերադառնում է նույն աղջիկը և մտնում աշխատասենյակ, վերադառնալիս տեսախցիկները ֆիքսել են, և մենք էլ տեսնում ենք, որ նրա ձեռքին թղթապանակներ չկան»,-ասաց նա:
Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը առարկեց՝ ասելով, որ դատավորի և աշխատակիցների սենյակներ մուտք է գործվում մեկ դռնից՝ տեսանյութում պատկերված դռնից, ուստի հստակ չէ, որ այդ թղթապանակով աղջիկը մտել և դուրս է եկել Բարսեղյանի աշխատասենյակից կամ հետո վերադարձել:
«Հստակ չէ, որ վերոնշյալ աղջիկը դատավորի մոտ է մտնում, այդտեղ աշխատում է դատավորի աշխատակազմը և հնարավոր է, որ այդ աղջիկը աշխատակիցներից մեկի մոտ է եկել»,-ասաց նա:
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն էլ անդրադարձավ վերոնշյալ թղթապանակով աղջկան՝ ասելով, որ եթե դատավորն աշխատասենյակում չէ, ապա դատավորի սենյակ ոչ ոք չի կարող մտնել:
Մյուս պաշտպան Արա Ղազարյանն էլ անդրադարձավ տեսանյութերին՝ ասելով, որ դրանց հրապարակումը խախտում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը.
«Գտնում եմ, որ պետք է անձի համաձայնությունը: Սա հանրային ռեժիմով ձեռք բերված ապացույցներ են: Այս տեսանյութի հրապարակումը իրականում ոտնահարում է անձնական կյանքի իրավունքը: Պետք էր ամբաստանյալի համաձայնությունը նույնականացում կատարելու համար, սակայն իմ պաշտպանյալը այդպիսի համաձայնություն չի տվել»,-հայտարարեց նա:
Դատախազն էլ արձագանքեց վերոնշյալ հայտարարությանը՝ ասելով, որ ոչ մի հիմք չկա այսպիսի հայտարարություն անելու համար, քանի որ անձնական ոչ մի տվյալ չի հրապարակվել. «Նույնացվում է միայն Էլզա Զաքարյանի անձը, իսկ նա նախաքննության ընթացքում արդեն տվել է իր թույլտվությունը նույնականացում կատարելու համար»:
Դատավոր Վաչե Մարգարյանը փոքրիկ ընդմիջում հայտարարեց, որից հետո դատարանին ներկայացվեցին գործով ապացույց համարվող, 2016 թվականի հոկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածում մուտքային և ելքային հեռախոսազանգերի ցանկը՝ հեռախոսային օպերատորի կողմից տրամադրված:
Հավելենք, որ գործերի մեջ գրված էր հոկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածի հեռախոսազանգերի ցուցակը, սակայն դատարանում ներկայացվեց միայն երկու օրերի՝ հոկտեմբերի 26-ի և 27-ի ելքային և մուտքային զանգերի ցանկը: Վարդուհի Էլբակյանը խնդրեց դատարանի ուշադրությունը այս հարցի շուրջ հրավիրել, ինչին ի պատասխան մեղադրող հայտարարեց, որ քննիչն է այդ օրերի զանգերն է կարևորել, քանի որ միայն այդ 2 օրերի ելքային և մուտքային զանգերն են գործին առնչվում:
Նշենք, որ նախորդ նիստերը չէր կայացել ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով: Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքերով՝ Իշխան Բարսեղյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և այսօր էլ դատարան է եկել դեղեր ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի