Երևանում այսօր տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, այլք:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի՝ Դավիթ Հարությունյանը, կարևորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, որ երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռնվում քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Նախարարը հավելել է, որ արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողությանը:
«Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության ջատագովներից է, ինչի մասին է վկայում էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նոր համակարգերի գործարկումը: Վառ օրինակ է www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներն ամփոփելու գործընթացը»,- ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և գոհունակությամբ հավելել, որ ավարտին են մոտենում նաև e-apostille.am, e-license և e-hotline համակարգերի գործարկման աշխատանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում են ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և 2018 թվականի հունվարից անցում կատարել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն:
Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում և Եվրամիության օժանդակությամբ: