Հարկադիր կատարողն ընդունել է էստոնիայի գործընկերների պատվիրակությանը

SONY DSC

Հարկադիր կատարման ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը: Էստոնացի գործընկերները փորձի փոխանակման շրջանակներում Հայաստանում են լինելու ս/թ սեպտեմբերի 17-20-ը: Այցի նպատակը երկու երկրների գործընկեր կառույցների միջև շարունակական համագործակցության ընդլայնում է: Էստոնական պատվիրակության կազմում են ինչպես Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի ղեկավարությունը՝ Պալատի նախագահ Մատի Կադակի գլխավորությամբ, այնպես էլ փաստաբաններ և սնանկության գործերով կառավարիչներ:
Հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ողջունել է էստոնացի գործընկերներին՝ ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք հրաշալի նախադրյալ են երկու երկրների փորձի փոխանակման, հարկադիր կատարմանն առնչվող արդիական թեմաների շուրջ առարկայական քննարկումներ անցկացնելու և համագործակցության հետագա քայլերն ամրագրելու տեսանկյունից:
Կողմերը քննարկել են նաև համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հանդիպում-քննարկումից հետո էստոնացի գործընկերները շրջել են Ծառայության մի քանի բաժիններում, ծանոթացել դրանց աշխատանքներին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:
Այցի շրջանակներում Էստոնիայից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Ծառայության թանգարանում, ծանոթացել դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը: Պալատի նախագահ Մատի Կադակը նաև գրառում է թողել թանգարանի հյուրերի գրանցամատյանում:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև էստոնացի գործընկերների այցը Ծառայության Արարատի մարզային բաժին, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ փաստաբանների պալատի և Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի հետ: