«Հաստատ սպանել են, մարդը չէր կարա սենց կախվեր». Կուրսանտի սպանության գործով ցուցմունք տվեց հրամանատարը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը, որի ժամանակ ցուցմունք տվեց գործով վկա Արթուր Զարաֆյանը: 

Վկան պատմեց, որ ինքը ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, նրանց հետ ունեցել է նորմալ հարաբերություններ և եղել է Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի և Մովսես Ազարյանի դասակի հրամանատարը:

Նկարագրելով ամբաստանյալներին վկան հայտնեց, որ Գնել Թևոսյանն ու Մովսես Ազարյանը սեվորելու առումով թույլ են եղել, իսկ Նորիկ Սահակյանն ունեցել է գերազանց առաջադիմություն: Վկայի խոսքերով Գնել Թևոսյանը եղել է ջոկի հրամանատար և այդ առումով ունեցել է առավելություններ, սակայն ոչ մեկի նկատմամբ գերիշխող դիրք չի ունեցել:

 ‹‹Եղել են դեպքեր, երբ դասերից բացակայել է, բայց զորամասից դուրս չի եկել, թույլտվություն է վերցրել և գնացել է իր հոր՝ Զարմիկ Մարկոսյանի գրասենյակ: Վաչեն իմ դասակից չի եղել և շփումը նրա հետ քիչ է եղել, իսկ Վարազդատ Սաֆարյանի հետ առհասարակ շփում չի եղել››,- ասաց վկան:

Խոսելով Հայկազ Բարսեղյանի սանությունից վկան հայտնեց, որ դեպքի առավոտյան իրեն է զանգահարել կապիտան Ավետիսյանը և ասել է՝ ‹‹Շուտ արի զորամաս Բարսեղյանը կախվել է››, որից հետո ինքն անմիջապես գնացել է զրամաս: Վկան նշեց, որ այդ օրը իրեն  մեկն էլ է  զանգահարել՝ կուրսանտներից. ‹‹Էլի նույն բանն է ասել, ես էլ ասացի գիտեմ արդեն գալիս եմ››:

‹‹Զորամաս գալուց հետո միանգամից գնացել եմ Հայկազի մոտ, որից հետո բարձրացել եմ նրա ննջարան, որտեղ միայն կապիտան Ավետիսյանն էր: Հայկազի տեղաշորն էլ ամբողջությամբ արյունոտ էր: Հետո դուրս եմ եկել խառնաշփոթ էր, անձնակազմին չէինք կարողանում հավաքել, անձնակազմը շարել եմ և ուղեկցել դասերի: Դրանից հետո զանգել է գումարտակի հրամանատարը և ասել է, որ Թևոսյանին և ևս մեկ կուրսանտի՝ անունն այս պահին չեմ հիշում, տանեմ գումարտակ››,- իր խոսքում նշեց վկան:

Վկայի խոսքերով դրանից հետո որոշ խոսակցություններից ելնելով իմացել է, որ Հայկազը ոչ թե կախվել է, այլ սպանել են, փորձել է ճշտել հերթապահից և այլ կուրսանտներից, թե ինչ է եղել՝ ասել են, որ տեղյակ չեն:

‹‹Քննիչներից մեկն էլ տեսնելով այդ տեսարանը միանգամից ասաց, որ հաստատ սպանել են, մարդը չէր կարա սենց կախվեր››,- ասաց վկան՝ նշելով, որ իր հիշելով Հայկազի ոտքը գետնին կպած է եղել, դրա համար է նման բան ասել:

Վկան նաև հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ  տեսել է Հայկազին. ‹‹Տարել եմ եկեղեցի, թույլվություն է ինձանից խնդրել՝ գնացել է խանութ: Եկեղեցու բակում  անձամբ խոսել եմ նրա հետ, տրամադրությունն այդ օրը շատ բարձր էր››:

Վկայի ցուցմունքից հետո հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը՝ դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև եղած հակասությունների պատճառով: Նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ դեպքի առավոտյան վկային են զանգահարել Գնել Թևոսյանն ու Մովսես Ազարյանը, սակայն վկան հայտնել է, որ չգիտի, թե ինչու են իրեն զանգել, բացի այդ չի հիշում նման բան: Հեռախոսային վերծանումներից էլ պարզվել է, որ վկան 23 վայրկյան հեռախոսային զրույց է ունեցել ամբաստանյալ Մովսես Ազարյանի հետ, որի վերաբերյալ ինքը պատասխանել է, որ միգուցե կարևոր բան չի ասել դրա համար չի հիշել, բացի այդ շատ հուզված է եղել. ‹‹Եթե ծնողներս էլ զանգեին էլի չէի հիշեի››:

Նախաքննական ցուցմունքում վկան նաև հայտնել է, որ Գնել Թևոսյանը բացակայել է զորամասից, գնացել է տուն, որին թույլ է տվել նրա հայրը Զարմիկ Մարկոսյանը: Բացի այդ վկան պատմել է գործով ամբաստանյալների և կուրսանտ Տիգրան Մանասարյանի միջև եղած վիճաբանության մասին, որի վերաբերյալ դատարանում չհիշեց:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան հայտնեց, որ Գնել Թևոսյանի տուն գնալու վերաբերյալ նախաքննական ցուցմունքը թյուրիմածություն է և պնդում է դատարանում տված ցուցմունքը:

Նշենք, որ այսօր ևս դատական նիստը սկսվեց մոտ 30 րոպե  ուշացումով, քանի որ այս անգամ ևս վկաները չէին ներկայացել դատարան:  Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ կարողացել են կապ հաստատել միայն գործով վկա Դավիթ Դավթյանի հետ, վերջինս էլ հայտնել է, որ գտնվում է ծառայության մեջ և առաջիկա 15 օրը չի կարողանա ներկայանալ դատարան: Գործով դատակոչված 30 վկաներից դատարանում ցուցմունք չի տվել նրանցից  5-ը: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ գրություն ուղարկել ռազմական ոստիկանություն՝ վկաների ներկայությունը նիստերին ապահովելու համար:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ելենա Արամյան