«Հայաստանում դատախազությունը մարդկանց իրավունքները ոտնահարող մարմին է». «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի  դատավոր  Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:    

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Կարո Եղնուկյանը դատարանին միջնորդությունն ներկայացրեց իր խափանման միջոցը կալանքով փոխարինելու, գործից մաս անջատելու և դատական նիստերն առանց իր ներկայության անցկացնելու համար:

Կարո Եղնուկյանը հիշատակեց այն փաստը, որ ինքը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ. «Վարուժան Ավետիսյանի հետ խոսել եմ 2 րոպե, սակայն ինձ առաջադրվել է մեղադրանք, որը Վարուժանին չի առաջադրվել»,-ասաց նա:

Ամբաստանյալը ընդգծեց, որ իր առողջական վիճակը գտնվում է  ծայրահեղ ծանր վիճակում, մեջբերեց վերջին մի քանի դատական նիստերը, որոնց նա չէր կարողանում ներկա գտնվել, նաև հիշատակեց այն, որ նախորդ դատական նիստին իր պաշտպան Տիգրան Հայրապետյանը փորձել է միջնորդություն ներկայացնել՝ դատական նիստերին ներկա չգտնվելը թույլատրելու համար, ինչին դատավոր Արտուշ Գաբրիելյանը արձագանքել է. «Կարող է հաջորդ շաբաթ իրեն լավ է զգում»:

Ըստ նրա՝ դատարանը իրեն դանդաղ մահվան է դատապարտում, մեջբերեց իր մի քանի հիվանդությունները, նշեց, որ ունի  «օստրիոխոնդրոզ» հիվանդություն և 2 տեղից ողնաշարի ճողվածք, նաև բարձր խոլեստերին և արյան մակարդելության խնդիր, որոնք կարգավորվում են միայն դեղերով, որն ընդունում է արդեն 20 տարուց ավել: Անդրադարձավ դատական նիստերին իր առողջական վիճակի վատթարացմանը, մեջբերելով այն փաստը, որ ունի «հյուսիսային էպիզոդիկ հիպերտոնիա», որը ըստ իրեն՝ հուզականությունից բազմապատկվում է և կարող է կաթվածի ռիսկը մեծացնել:

«Ես հրաժարվում եմ դատական նիստերի իմ մասնակցության իրավունքից՝ ես ձեզ արդեն 5-րդ անգամ զգուշացնում եմ, որ եթե պատճառը չվերացնեք, ապա իմ դեպքում մահվան ելքով այն կվերանա»,- հայտարարեց Կարո Եղնուկյանը` հիշեցնելով Արթուր Սարգսյանի օրինակը:

«Իմ առողջական վիճակը այսպես բախտի քմահաճույքին թողնելը նշանակում է՝ չկարևորել մարդկային կյանքը և ոտնահարել մարդկանց իրավունքները»,-ասաց նա, դատարանին հիշեցնելով, որ իր համար հրավիրված շտապօգնության բոլոր բժիշկները փաստել են, որ իր վիճակը ռիսկային է:

«Միտումնավոր ենթարկել հոգեբանական բռնության, որը վերածվում է ֆիզիկական բռնության, նշանակում է խոշտանգել կամ դատապարտել մահվան»,-ասաց Կարո Եղնուկյանը, դատարանին տեղեկացնելով, որ եթե իր հարցը օրենքի նորմերով դատարանը չկարգավորի, ապա պատրաստվում է դիմել ՄԻԵԴ. «Միջնորդում եմ՝ գործից իմ մասն անջատեք, կալանքը գրավով փոխարինեք և դատական նիտերն առանց ինձ անցկացնեք՝ ինձ չտեղափոխեք դատարան, քաղբանտարկյալ՝ Կարո Եղնուկյան»,- ասաց նա, որից հետո անմիջապես լքեց նիստերի դահլիճը, քանի որ կրկին իրեն լավ չէր զգում:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ևս նշեց, որ վերջինիս նիստերի դահլիճ տեղափոխելը նշանակում է դատապարտել մահվան: Պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ իր հերթին փաստեց այն, որ Կարո Եղնուկյանը սույն գործի հետ և իրենց մյուս պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների հետ ոչ մի կապ չունի. «Նրա նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ, ինչը քաղաքական որոշման արդյունք է: Ես հասկանում եմ, որ դատարանը ինքնուրույն որոշում կայացնելուց զրկված է, բայց այս դեպքում մարդու կյանքի հետ կապված գործ կա՝ մի անգամ արդեն տեսանք, թե ինչ  է կատարվում՝ Արթուր Սարգսյանի կյանքի հետ էքսպերիմենտ արեցիք…»,-հայտարարեց նա:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ իր հերթին Կարո Եղնուկյանի կալանքը  որակավորեց որպես վրեժխնդրություն և դատարանին խնդրեց արդարացի դատական ակտ կազմել:

Մեղադրող կողմը անդրադարձավ միջնորդությանը և նշեց, որ գործից Կարո Եղնուկյանի  մասն անջատելու ու կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունները պետք է դատարանը թողնի առանց քննարկման, որպես ոչ ժամանակին արված միջնորդություն, իսկ երրորդ միջնորդությունը՝ դատական նիտերն առանց իրեն անցկացնելը ենթակա է մերժման, քանի որ վերջինս պարտավոր է դատական նիստին ներկա գտնվել:

Մեղադրողի արած հայտարարությանն արձագանքեց պաշտպան Մուշեղ Շուշանյանը. «Հայաստանում դատախազությունը մարդկանց իրավունքները ոտնահարող մարմին է: Դատախազությունը մարդկանց խոշտանգելու, տանջելու և սպանելու համար է: Նա ծառայում է միայն քաղաքական ռեպրեսիաների համար»:

«Դատախազությունը սույն գործով հանդես է գալիս որպես պատժիչ կառույց»,-ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Դատարանը Կարո Եղնուկյանի միջնորդությունը մերժեց:

Ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանի շահերի պաշտպան՝ Անուշ Մխիթարյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ իր պաշտպանյալը ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին, ունի երիկամների հիվանդություն, որդին և ծեր ծնողները գտնվում են  վերջինիս խնամքի տակ, սիկ որդին ևս տառապում է երիկամների հիվանդությամբ:

Վերջինիս միջնորդության միացան նաև մյուս պաշտպանները: Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ իր հերթին  փոխանցեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Արմեն Լամբարյանը այս դեպքում պատրաստակամություն են հայտնել Հովհաննես Վարդանյանի համար  մեկ միլիոն դոլար գրավ վճարել:

«Ուրեմն հիմա լսի՝ ինչ եմ ասում Պետրոսյան, Երբեք չկասկածես դատավորի արդարության վրա»,-ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ինչի ի պատասխան Աշոտ Պետրոսյանն էլ ասաց, որ ոչ թե դատավորի արդարության վրա է կասկածում, այլ՝ դատարանի: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադարձավ և միջնորդության մերժման մասին որոշումը հրապարակեց:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդության քննարկումը հետաձգվեց գործի համար էական հանգամանքները պարզելու համար։

Նշենք, որ ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանը իրեն վատ էր զգում, արդյունքում նիստը ընդհատվեց և շտապօգնություն հրավիրվեց: Ընդմիջումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, որովհետև վերջինս ամբողջ օրը ոչինչ չէր կերել:

«Դատական դեպարտամենտից կարող եք տեղեկանալ, որ օրապահիկ չեն տալիս: Մարդիկ ամբողջ օրը սոված են մնում ու դրա համար էլ այս վիճակում են»,- ասաց փաստաբանը:

Դատարանը որոշեց անցնել դատաքննության փուլ: Մեղադրող Հակոբ Ենոքյանը ընթերցեց Արթուր Մելքոնյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մեղադրական եզրակացությունը կարդալուց ամբաստանյալ Արմեն Լամբարյանը անընդհատ տեղից խոսում էր, ինչի արդյունքով դատավորը հրահանգեց տեղից չխոսել. «Եթե մեղադրականում սաղ աբսուրդ ա, ո՞նց չասեմ»,-ասաց Արմեն Լամբարյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

 

Մեկնաբանություններ