Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջև:

Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծեց նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Նա շեշտեց, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի  կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց հետագա քայլերին։

Մեկնաբանություններ