ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ:
2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ ԲՈՒՀ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ կուրս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, համաձայն որոնց ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի լաբորանտը և ուսումնական մասի գլխավոր մասնագետը, համալսարանի նախկին ռեկտոր Ս. Դ.-ի հորդորով, 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում ԲՈՒՀ-ի մի շարք ուսանողներից ուսումնական տարվա կիսամյակային և ավարտական քնություններին դրական գնահատականներ նշանակելու համար վերցրել են տարբեր չափի՝ 60 հազարից մինչև 130 հազար ՀՀ դրամ գումարներ և տվել ռեկտոր Ս.Դ.-ին: Վերջինս յուրաքանչյուր ուսանողից վերցրած ընդհանուր գումարի դիմաց իրենց է տվել 10000-20000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք վերցնելու, կաշառք տալու, պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարեու ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: