Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ, ամբաստանյալներից Գնել Թևոսյանը դատարանին հայտնեց, որ ունի առողջական խնդիրներ և չի կարող մասնակցել դատական նիստին: Վերջինիս պաշտպանը ևս հայտնեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ նիստին մասնակցելու:
Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց ամբաստանյալի համար շտապօգնություն հրավիրել դատարան, իսկ դատական նիստը հետաձգել, որպեսզի դատավարության մասնակիցները երկար չսպասեն:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին, որի ժամանակ հավանաբար տեղի կունենա ամբաստանյալների հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: