2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ցուցումով:
Նյութերի նախապարտաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կ. Ա.-ի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը: Յուրաքանչյուր ամիս նա ռեկտորին վճարել է 100-ական ԱՄՆ դոլար՝ կոնսերվատորիայի առաջին հարկում գտնվող տարածքը և 40 000 ՀՀ դրամ՝ վարժարանի տարածքը որպես բուֆետ ծառայեցնելու համար: Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ տվյալ անձի կողմից սննդի սպասարկման օբյեկտները գործարկելու համար նշված գումարը անձամբ կամ վարժարանի տնօրեն` Ա. Պ.-ի միջոցով փոխանցվել է Կ. Ա.-ին: Այս կերպ 2004-2009թթ.-ի համար նրան տրվել է ընդհանուր առմամբ 5 000 ԱՄՆ դոլար և 1 200 000 ՀՀ դամի չափով գումար:
Նախապատրաստվող նութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուհի դաշնամուրային բաժնի վարիչ Մ. Խ.-ն 2012թ. պետական ավարտական քննությունների ընթացքում, ղեկավարության պահանջով հյուրասիրություն կազմակերպելու պատճառաբանությամբ, նույն բաժնում ուսանող Գյումրի քաղաքի մի բնակչից պահանջել է 120 000 ՀՀ դրամի կաշառք՝ նրան քննության մասնակցել թույլատրելու և դրա համար խնդիրներ չհարուցելու նպատակով: Ի կատարումն այդ պահաջի՝ նրան է տրվել 100 000 ՀՀ դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2017 թվականին պեական քննություններին մասնակցելու և խնդիրներ չունենալու համար «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժնի վարիչի կողմից Գյումրի քաղաքի մեկ այլ բնակչից պահանջվել է 50 000 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը և մեկ այլ անձի միջոցով կոնսերվատորիայի պրոռեկտոր Ն. Հ.-ին զանգահարելուց հետո հնարավորություն է ստացել առանց որևէ խնդրի մասնակցել քննություններին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ինչպես բուհի ռեկտորը, այնպես էլ առանձին աշխատակիցներ բացատրություններ են տվել այն մասին, որ ուսանողներից գումարներ չեն պահանջել և չեն ստացել՝ դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները համարելով զրպարտոթյուն:
Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին